Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ղազախստանի ընտրանու հետ ընտրական հանդիպմանը, որը կայանալու է մարտի 26-ին:
Ընտրանու ճամբարում է նաև հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր է միացել թիմակիցներին: Նա մասնակցել է Արթուր Պետրոսյանի գլխավորած հավաքականի այսօրվա մարզմանը:
Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մարզմանը մասնակցել են 22 ֆուտբոլիստներ։ Արտյոմ Սիմոնյանը դեռ չի ժամանել հավաքականի ճամբար, իսկ Արթուր Քարտաշյանը բաց է թողել մարզումը վնասվածքի պատճառով։ Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները աշխատել են հարձակման գծում գոլային պահերի իրացման վրա՝ շեշտը դնելով մեկը մեկի և երկուսը երկուսի դեմ խաղի վրա։ Դրանից հետո մշակվել են ստանդարտ իրավիճակների խաղարկումներ, իսկ մարզումն ավարտվել է երկկողմանի խաղով։
Ավելի վաղ կային տեղեկություններ, թե Հենրիխ Մխիթարյանն իբր վնասվածք ունի, քանի որ բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին հանդիպումը, որում մանկունյական թիմը պարտության էր մատնել «Միդլսբրոյին» (3-1):