Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ առաջիկա խաղերին, քանի որ չի ապաքինվել վնասվածքից: Ստորև ներկայացնում ենք ՀՖՖ-ի հաղորդագրությունը:
«Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կողմից, որում անգլիական ակումբը խնդրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային թույլ տալ Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին և Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին։ Նամակի մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական անձնակազմի ղեկավար Սթիվեն Մքնեյլը, մասնավորապես, նշում է․
«Հենրիխը գտնվում է վերականգնման փուլում ձախ ազդրի մկանի վնասվածքից հետո, որը կրկնվել էր նրա մոտ այս ամսվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալիս։ Չնայած նրա մոտ վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է նկատվել, բայց Մխիթարյանը մինչ օրս էլ ի վիճակի չէ մասնակցել մարզումային գործընթացին ամբողջական ծանրաբեռնվածությամբ, առավել ևս մասնակցել որևէ հանդիպման։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շնորհակալ կլինենք, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ տա Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել ազգային թիմի առաջիկա 2 հանդիպումներին՝ մնալով Մանչեսթերում և շարունակելով իր վերականգնումը»: