«Փաստ» օրաթերթը գրում է. «Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասակցելու նպատակով Անկարայում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Սիմոնյանը նաև ելույթ է ունեցել խորհրդարանների նախագահների՝ վեհաժողովի 30-ամյակին նվիրված գագաթաժողովում:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը նաև տեսանյութ էր հրապարակել՝ վերնագրելով «Եռագույնը՝ Անկարայում»: Ի թիվս մի շարք պաշտոնական հանդիպումների, ուշագրավ է հանդիպումը Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ: Բանն այն է, որ, մեր նախնական դիտարկումներով, կարծես թե Հայաստանի ԱԺ նախագահներից միակ պաշտոնական այցը Թուրքիա ունեցել է Բաբկեն Արարքցյանը, այն էլ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահի մակարդակով հանդիպում չի եղել:
Իսկ ընդհանրապես, մեր տեղեկություններով, թուրքական կողմը առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել ՀՀ ԱԺ նախագահին ու հայկական պատվիրակությանը: Ավելին, Սիմոնյանի հետ հարցազրույցը թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են բավական մեծ ծավալով՝ առանց աղճատումների կամ ենթատեքստերի»: