Հունվարի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին:
Փոխվարչապետն իր խոսքում նշեց, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը։ Այս առումով, ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության համար առաջանային նպատակ է, որին հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում EITI-ի սկզբունքների բազմակողմանի ներդրումն է։
Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ չնայած Հայաստանը 50 երկրներից բաղկացած EITI-ի գլոբալ համայնքում համեմատաբար նորեկ է, անցած 2 տարիների ընթացքում նախաձեռնության շրջանակում արդեն իսկ գրանցվել են մի շարք արդյունքներ։

Առաջինը, ի դեմս EITI բազմաշահառու խմբի՝ Հայաստանի կառավարման համակարգում ստեղծվել ու կայացել է իրավահավասարության և կոնսենսուսային որոշումների կայացման սկզբունքների վրա հիմնված կառավարություն - մասնավոր հատված - քաղաքացիական հասարակություն համագործակցության առաջին հարթակը։ Այս խմբի գործունեության արդյունքում ստեղծվել է ազգային զեկույցը, որը, EITI-ի ստանդարտի պահանջների համաձայն, ներկայացնում է Հայաստանում 2016-2017 թվականների մետաղական հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը։
Հաջորդ արդյունքը 2018 թվականին օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերի հրապարակումն էր, որոնք մինչ այդ հասանելի չէին հանրությանը։ Միաժամանակ հրապարակվել ու մշտապես թարմացվում է երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման թույլտվությունների ռեգիստրը՝ ընդգրկելով ստանդարտով պահանջվող ողջ տեղեկատվությունը։ Բացի այդ, անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին։
Փոխվարչապետը հավելեց, որ կառավարությունը նպատակ ունի ոչ միայն արդյունքներ արձանագրել, այլև դրանք հնարավորինս մատչելի ձևով հասցնել յուրաքանչյուր շահառուի. լինի դա հեռավոր ազդակիր համայնքի բնակիչ, գիտաշխատող, գործարար թե պետական ծառայող: Միայն այս դեպքում հնարավոր կլինի խթանել տեղեկացված հանրային բանավեճ և ունենալ իրական փոփոխություններ: Այդ նպատակով ստեղծվել է նաև EITI-ի պաշտոնական կայքը և հաշվետվությունների առցանց ներկայացման նորարարական հարթակը, որոնց միջոցով հանրությանն է ներկայացվում նախաձեռնության և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն։
Նշենք նաև, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր մասնակցել է երիտասարդ փորձագետների` «YES Armenia» ծրագրի ավարտական արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը նշեց, որ «YES Armenia»-ն Հայաստանի և Եվրոպական միության արդյունավետ ու ընդլայնվող փոխգործակցության վառ օրինակներից է, և շնորհակալություն հայտնեց Միությանն անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Տիգրան Ավինյանն ասաց, որ տարիներ շարունակ աշխատանքը պետական համակարգում գրավիչ չի եղել տաղանդավոր ու աշխատասեր երիտասարդների համար՝ քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցություն չունենալու, ցածր աշխատավարձերի, կարիերայի առաջընթացի բացակայության և այլ պատճառներով, իսկ «YES Armenia» ծրագիրը հնարավորություն տվեց կոտրելու այդ կարծրատիպերը։ Նա հույս հայտնեց, որ ծրագրի մասնակիցները հիանալի օրինակ կդառնան այլ խոստումնալից երիտասարդների համար՝ պետականաշինության գործի մաս կազմելու։ Տիգրան Ավինյանը նշեց նաև, որ «YES Armenia»-ն նոր եռանդ հաղորդեց հանրային կառավարման համակարգին։ Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդ փորձագետները մի կողմից՝ հնարավորություն ստացան ներսից հասկանալու, թե ինչպես են աշխատում պետական գերատեսչությունները և գործնական փորձ ձեռք բերել, մյուս կողմից՝ իրենց հմտությունները ներդրեցին, նորարարական գաղափարները կյանքի կոչեցին ու հին խնդիրների համար նոր լուծումներ առաջարկեցին։ Փոխվարչապետն ընդգծեց, որ «YES Armenia»-ի իրականացման ընթացքում կուտակված ինստիտուցիոնալ փորձը կարևոր դեր կարող է խաղալ հանրային և քաղաքացիական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացում։ Այն բարեփոխումները, որը սկսել է կառավարությունը, այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի զարգացման տեսլականը կյանքի կոչելու համար, հաջողության չեն հասնի, եթե շարունակվի աշխատանքը հին մեթոդներով և հեղափոխություն տեղի չունենա նաև պետական կառավարման տրամաբանության, մտածողության, աշխատանքային մշակույթի մեջ։ Ավարտելով ելույթը Տիգրան Ավինյանը նշեց, որ ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարությունն արդեն իսկ սկսել է և շարունակելու է իրականացնել խորքային բարեփոխումներ հանրային կառավարման ոլորտում, որի արդյունքը կլինի արդյունավետ ու ճկուն պետական մեքենան, որը քաղաքացիներին որակյալ ծառայություններ կմատուցի և երկրի ռազմավարական զարգացման ծրագրերը կյանքի կկոչի։


