Ներկայացնում են Մարտիկ Սարգսյանի նամակը «Նուբարաշեն» քրեակտարողական հիմնարկից
2014թ-ը կալանավորների ազատության տարի
«Կալանավոր» բառը միայն վատ մտքեր է ծնում մեր մեջ, բայց իրականում այդ պիտակի տակ հիմա ազատազրկված են բազում անմեղ և մեծատառով մարդիկ` մտածող, խոհուն, ազգի և ընտանիքի նվիրյալներ: Նրանց վանդակաճաղերի ետևում բռնադատելով, մենք ավելի շատ կորցնում ենք, իրականում փոխարենը շատ սրիկաների ազատության մեջ թողնելով: Մարդասիրական բոլոր առումներով – մեր անտիկ քրեական օրենքներով, կամակատար իրավական ատյաններով ու թլպատված ներման մանիֆեստներով մենք ի զորու չենք փրկելու նրանց սովալլուկ ընտանիքները, կործանված երջանկությունն և ինտելեկտուալ հարստությունը: Համատարած արտագաղթի հետ միաարժամանակ վկա ենք նաև տևական արտագաղթի դեպի կալանավայրեր քշված մեր երկրին պիտանի շատ ու շատ արժանավոր քաղաքացիների, դրանով անընդհատ կորստի մատնելով անթիվ արժեքներ: Ուրեմն եկեք, ուրախության, թե տխրության պահերին հիշենք նաև մի քանի քառակուսի մետրում անժամկետ վանդակված այս հայ մարդկանց, կիսենք մտովի իրենց ընտանիքներին, տանն ու երկնքին անհուսորեն կարոտող այս թշվառների վիշտը: Հիշենք նրանց ամեն պահ, ամեն ժամ ու օր, կենաց ասելիս, խունկ ու մոմ վառելիս մրմնջանք գոնե մենք մեզ- Ազատություն նրանց:
Մարտիկ Սարգսյան
Կալանավոր
«Նուբարաշեն» քրեակտարողական հիմնարկից
14 /01/2014