▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա Ադրբեջանը պատերազմելու ավելի լուրջ պատճառներ ունի.Քաղաքագետ

«Անցնող 2016 թվականը ստիպեց ևս մեկ անգամ համոզվել, որ անհրաժեշտ է պատրաստվել երկարատև հակամարտության: Ցավոք, որքան էլ խոսվի ամենաբարձր մակարդակներով հարցի քաղաքական լուծման հնարավորության մասին, իրականությունը ցույց է տալիս, որ նման հնարավորություններ չկան և մեծ հաշվով այս հակամարտությունը դեռ երկար է տևելու, հասարակությունն ու պետությունը պետք է դրան պատրաստ լինեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝  ոչինչ չտվեցին Հայաստան-Ադրբեջան բանակցությունները.

«Ադրբեջանի նախագահը բաց տեքստով հրաժարվեց կատարել պայմանավորվածությունները և հայտարարեց, որ երբեք չեն ընդունելու հայկական կողմի որևէ նախապայման: Իսկ նախապայմանները ոչ այլ ինչ էին, քան վստահության մեխանիզմներ, որոնք այսօր չունենք: Ադրբեջանը հստակ հայտարարում է իր ռազմատենչ քաղաքականության մասին»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ աշխատանքին՝ նկատեց.

«Այս փուլում այնքան էլ բավարարված չեմ մեր ԱԳՆ մոտեցումներից: Վերջերս Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումը տեղի ունեցավ Համբուրգում, որից հետո եղավ միջնորդ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը՝ դարձյալ առանց հասցեական մեղադրանքների, իսկ ամենացավալին այն էր, որ Նալբանդյանը հայտարարեց, թե մեծ հաշվով հասկանալի են, թե ում են ուղղված ընդհանուր քննադատությունները: Կարծում եմ, որ նման մոտեցմամբ հնարավորություն ենք տալիս միջնորդներին՝ շարունակել հնչեցնել անհասցե գնահատականներ, ինչն անթույլատրելի է: Այս պահից սկսած պետք է խստացնել դիրքորոշումը՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ աշխատանքում և թույլ չտալ, որ ապրիլյան իրողությունները չեզոքացվեն ու փորձեն բանակցային գործընթացը շարունակել նախկին տրամաբանությամբ»:

Քաղաքագետի խոսքով՝ հաջորդ տարի որևէ կերպ  չի նվազելու ռազմական վտանգը.

«Հիմա Ադրբեջանը պատերազմելու ավելի լուրջ պատճառներ ունի, քանի որ ձախողվելով ապրիլին՝ նա կորցրել է լուրջ քաղաքական գործոններ: Հիմա իրավիճակը շտկելու, ճնշումներից խուսափելու համար հնարավոր տարբերակը նոր պատերազմ սկսելն է»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее