«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանն առաջիկայում գործուղվելու է դիվանագիտական կորպուս. նա դեսպան կնշանակվի:
Հավելենք, որ, չնայած երիտասարդ տարիքին, Համբարձում Մաթեւոսյանը տարբեր բարձր պաշտոններ հասցրեց զբաղեցնել:
Հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ին, նա նշանակվել էր Արմավիրի մարզպետ, այնուհետեւ գործուղվել էր կառավարություն:
2021թ.-ին նա նշանակվել էր փոխվարչապետ, իսկ 2023թ.-ի փետրվարի 16-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը:
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին որոշել է հիմա էլ ավելի լավ պաշտոնի տեղավորել ու նրան դեսպան կնշանակի, սակայն դեռ որոշված չէ, թե որ երկրում:
Ինչպես գործադիրի մեր աղբյուրներն են փոխանցում, դեսպան նշանակվելը Համբարձում Մաթեւոսյանի ցանկությունն է. հավանաբար վերջինս հոգնել է գործադիրում իր աշխատանքից ու որոշել է արտերկրում աշխատանքի անցնել:
Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ Համբարձում Մաթեւոսյանի հետ։ Նրա փոխարեն պատասխանեց օգնականը եւ ասաց, որ նման բան չկա, առաջին անգամ մեզանից է լսում:
Հիշեցնենք՝ երբ Մաթեւոսյանը փոխվարչապետի պաշտոնին հրաժեշտ տվեց, դրանից առաջ էլ մեզ տված հարցազրույցում հերքում էր իր հնարավոր հրաժարականը:
Չնայած հերքումներին՝ նկատենք, որ արդեն երեկվանից սկսվել են փոփոխությունները դիվանագիտական կորպուսում, եւ մի շարք դեսպաններ հետ են կանչվել իրենց պաշտոններից:
Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի, Ալեքսանդր Արզումանյանը` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում եւ Իսլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։
Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»: