▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմնադիր խորհրդարանի և «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը «1000-դրամ» նախաձեռնության վերաբերյալ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և «Սասնա Ծռեր» խմբավորման հայտարարությունը «1000-դրամ» նախաձեռնության վերաբերյալ

«12» նոյեմբեր 2016թ.
Երևան
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ապահովագրման նպատակով աշխատող անձանցից 1000-ական դրամ գանձելու վերաբերյալ նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի վարչախմբի և ամբողջ կառավարող վերնախավի ճղճիմ էությունը ու դավաճանական նպատակները բացահայտող համակարգային դրսևորում է:
Նշված նախաձեռնությամբ ապազգային ու մակաբույծ այդ մարդակույտը բացառիկ ցինիկությամբ խոցում է մեր արժանապատվությունը և քաղքենիական լկտիությամբ փորփրում իր ընչաքաղցության ու դավաճանության պատճառով ապրիլյան քառօրյայի ժամանակ մեզ հասցված մարդկային, բարոյական, տարածքային ու նյութական կորուստների վերքերը:
Սակայն այս չարաբաստիկ նախաձեռնության վնասը չի սահմանափակվում միայն մեր ժողովրդին վիրավորելով ու նրան ցավ պատճառելով: Եվ գաղութային վարչակազմի այդ քայլը ընդամենը նրա ղեկավարության ապիկարության ու հանցավորության արդյունք չէ և չի կարող բացատրվել միայն թալանած հարստությունից ու այդ թալանն ապահովող կոռուպցիոն համակարգից չհրաժարվելու նրա շահագրգռվածությամբ: Իրականությունը շատ ավելի մտահոգիչ է:
Տեղական դավաճանները Կրեմլի վերահսկողությամբ իրագործում են համակարգված ծրագիր, որի նպատակն է ապակազմակերպել ազգը, ապաինստիտուցիոնալացնել պետությունը և թուլացնել նրա պաշտպանունակությունը:
Օտարին ծառայող վարչախումբը բավարար պսշտպանունանության կարողություններ զարգացնելու փոխարեն բանակը պահելու և Արցախը պաշտպանելու հավելյալ բեռ է դնում ժողովրդի ուսերին և ակնհայտորեն ցույց է տալիս այն հետզհետե ծանրացնելու՝ հասարակության համար անընդունելի հեռանկար, ինչի միջոցով փորձում է հոգեբանական նոր զենք կիրառել քաղաքացիների նկատմամբ և հանրային գիտակցության մեջ ընդունելի դարձնել ինքնիշխանության զիջումների և ազատագրված տարածքների հանձնման իր դավաճանական քաղաքականությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ բեռը կտրուկ կթեթևանար, եթե քրեաօլիգարխիկ ոստիկանապետության մակաբույծ կառուցվածքների պարարտացմանը ծառայող միջոցներն ուղղվեին բանակի կարիքներին:
Վերոնշյալ ծրագրին են ծառայում նաև ՀՀ ինքնիշխանությունը, նրա զինված ուժերի համակարգերն ու տնտեսության ռազմավարական բաղադրիչները Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելուն, զուգահեռաբար ազգային-ռազմավարական գաղափարները (Նոր որակի հայկական պետություն, Ազգ-բանակ, ազգային տուրք և այլն) եղծելու և արժեզրկելու գործողությունները: Պակաս քայքայիչ չէ ղեկավար պաշտոններում կերպարային առումով դրանց չհամապատասխանող անձանց, տվյալ դեպքում` Վիգեն Սարգսյանի նշանակումը:
Դժվար չէ հասկանալ, որ ժողովուրդը կարող է օտարանալ Հայրենիքի պաշտպանությունից և բանակից, եթե ղեկավարությունն ունի հանցագործի ու դավաճանի համբավ, ժողովրդին կեղեքելով ու երկիրը թալանելով իր ձեռքում է կուտակել և հիմնականում երկրից արտահանել է մի քանի տասնյակ միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող գումարներ, մարդկսնց մատնել է թշվառության, անապահով ընտանիքների զավակների կյանքի հաշվին իր զավակներին հեռու է պահում զինվորական ծառայությունից, փաստացի ուրանում ու ժխտում է իր զավակներին բանակ ուղարկելու, բյուջե ձևավորելու, այդ նույն բյուջեն թալանելու հետևանքով իր զինվորի հագուստի, հանդերձանքի, սննդի և բուժման ծախսերի պակասող մասը լրացնելու ձևերով ժողովրդի կատարած ամենօրյա զոհաբերությունը և, այս ամենից հետո, դրամաշորթի լկտիությամբ այդ նույն ժողովրդին կանգնեցնում է բանակը պահելու և Արցախը պաշտպանելու համար հավելյալ բեռ կրելու սյլընտրանքի առջև:
Մեր ժողովրդին հորդորում ենք զգոն լինել Կրեմլի գաղութատիրական ծրագիրն իրագործող Սերժ Սարգսյանի, գործուղված էմիսար Կարեն Կարապետյանի կառավարության, այդ թվում Վիգեն Սարգսյանի նման պալատական հաճկատարների նախաձեռնությունների նկատմամբ և ուժերը կենտրոնացնել հանուն ազգային պետություն ստեղծելու գաղութային վարչակազմին հեռացնելու նպատակով ընդվզման ուղղությամբ:
Մենք ենք տերը մեր երկրի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее