Եվրոպական մամուլը գրում է, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը զարմացրել է եվրոպացի պաշտոնյաներին…Այո’, կզարմացնի եվրոմիության բյուրոկրատացված, դոգմատիկ մտածողությամբ պաշտոնյաներին: Իհարկե’:
Իսկ ինձ զարմացնում է, խիստ է զարմացնում նրանց «կամ-կամը»…Ի՞նչ է նշանակում դա...Միթե կարելի է նույն սխեմատիկ մտածողությամբ, նույն կշեռքի նժարին դնել Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և Հայաստանին:
Պարոնայք եվրոպաշտոնյաները պետք է ելնելով այդ երկրների առանձնահատկություններից, աշխարհագրական դիրքից, նրանց առջև ծառացած տնտեսական, տարածքային, ինտեգրացիոն, ռազմաքաղաքական և այլ խնդիրներից, գոնե փոքրիշատե մանևրելու տեղ թողնեն` հատկապես Հայաստանին…
Ինչ է դուք չգիտեի՞ք Մոսկվայի հնարավոր կոշտ դիվանագիտական արձագանքի մասին, թե՞ նոր իմացաք...Դուք ռոբոտ, համակարգիչ չեք, դուք մարդ եք, իսկ մարդը ունակ է մտածել, կշռադատել, հաշվի առնել մարդկային գործոնները, մարդկային ամեն ինչ, ինչ հնարավոր է…
Շատերն ասում են, որ Եվրոպան հստակ ասել և ասում է` Հայստանը չի կարող նստել միաժամանակ երկու աթոռների…Պարոնա’յք եվրոպացիներ, իրավիճակ կա դուք եք նստեցնում, եթե պետք է ձեզ…Նստում են երկու աթոռի, մի կերպ խցկվում են նստածների արանքը, կողքինի ծնկներին և նույնիսկ ինչ-որ մեկի գրկում…
Այո’, մենք գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, չենք կարող մեկուսանալ համապատասխան աշխարհա-տնտեսական տարածքից: Նման բան չի լինում, հնարավոր չէ կուտը ուտել այստեղ, ձուն ածել եվրոպաներում…Այդ նույն Եվրոպան թող այդ դեպքում մեզ անվտանգության փոքրիշատե իրական երաշխիքներ տա…
ՀՀ Նախագահի քայլը տվյալ պահին իրատեսական էր և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը մնում է Հայաստանի օրակարգում: Սրանով ամեն ինչ ասված է...
Զգացմունքային քննարկումներից հետո ժամանակն է լրջանալ, առավել ևս որ հիմա համաձայնագրի նախաստորագրումն է և դեռևս բանակցային գործընթացում ենք: Կարելի է նստել և քննարկել, ու այդ դոգմատիկ, ռոբոտային «կամ-կամ կամակորությունը» փոխարինել համաձայնագրերի հնարավորինս համատեղելիությամբ և փոխզիջումներով…
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք