«Նիստի ժամանակ ես ու Հովիկ Աբրահամյանը հո թև-թևի բռնած շուրջպար չե՞նք բռնելու, որ բոլորը տեսնեն, որ երկուսիս տրամադրությունն էլ շատ բարձր է: Մի մտահոգվեք, ամեն ինչ նորմալ է, եւ իմ տրամադրությունն է շատ բարձր, եւ մեր քաղաքական թիմի, եւ այսօր մենք լծված ենք այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են մեր ժողովրդի առջեւ» ,- այսպես է արձագանքել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն «Առավոտի» հարցին, թե իսկապե՞ս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իրեն ցանկանում է ճնշել:
Դեռ Երեւանի ավագանու ընտրություններից հետո մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, ով խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում ղեկավարում էր ՀՀԿ-ի նախընտրական շտաբը խանդով է վերաբերվում այն հանգամանքին, որ ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի շտաբը ղեկավարում է խորհրդարանում իր տեղակալը` Էդուարդ Շարմազանովը:
Համաձայն այդ հրապարակումների, խանդն ավելի խորացել էր արդեն հետընտրական շրջանում, երբ երիտհանրապետականները գերազանցել էին այն բոլոր ցուցանիշները, որոնք ավագ սերնդի ՀՀԿ-ականներին հաջողվել էր գրանցել ընտրություններում: Օրերս մամուլը կրկին արձանագրել է սույն հակասությունների մասին ու փաստել, որ ԱԺ քառօրյայի ժամանակ Հովիկ Աբրահամյանն ու Էդուարդ Շարմազանովը տխուր նստած են եղել նախագահությունում, միմյանց հետ էլ չեն շփվել: «Թե քաղաքական գործիչները եւ թե մամուլի մեր գործընկերներն ինձ ճանաչելով` պետք է որ լավ իմանային, որ անգամ մեծ ցանկության դեպքում գործնականում անհնար է ինձ ճնշելը: Դա պարզապես ծիծաղելի է ու ես ցանկանում եմ ապակե տնակում ապրողներին խորհուրդ տալ` այլոց վրա քար չնետել, քանի որ այդ քարը կարող է իրենց գլխի փլել այդ ապակե տնակը»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:
Շարմազաոնվի հետ ծավալուն հարցազրույցը` թերթի այսօրվա համարում: