▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորում ենք իշխանությանը հրաժարվել զիջողական կեցվածքներից, դրսևորել վճռականություն․ Մայր Աթոռի հայտարարությունը

Արցախում տիրող ծանր կացության առնչությամբ Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։

«Վրդովմունքով ենք արձանագրում, որ Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց շարունակվող գործողությունների, Արցախի ամբողջական շրջափակման հետեւանքով առավել խորանում է հումանիտար իրավիճակը Արցախում: Խորապես մտահոգիչ է, որ, հակառակ ՌԴ Խաղաղապահ զորախմբի ներդրած ջանքերի, ադրբեջանական ագրեսիան ստանում է նոր ծավալներ:

Ստեղծված ծանր կացության մեջ, երբ Արցախի ժողովուրդը զրկված է անհրաժեշտ սննդի, դեղորայքի եւ կենսական պարագաների մատակարարումներից եւ բախվում է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, դիմում ենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Եվրամիության անդամ պետություններին՝ հրատապորեն ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, որպեսզի ժամ առաջ ապաշրջափակվի Արցախի կյանքի ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, եւ վերականգնվի բնականոն կյանքը Արցախի Հանրապետությունում: Հարկ է, որ միջազգային հանրությունը առավել գործնական քայլերով դատապարտի Ադրբեջանի անմարդկային եւ թշնամական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի դեմ։ Հարկադրանքի եւ հաշվեհարդարի սպառնալիքների ներքո Արցախում չի կարող հաստատվել խաղաղություն:

Մեր հորդորն ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից, դրսեւորել վճռականություն եւ մարդու հիմնարար իրավունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կդառնա հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի։

Հորդորում ենք համայն մեր ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփյուռս՝ աննվազ հետեւողականությամբ շարունակել ջանքեր ներդնել՝ ի զորակցություն Արցախ աշխարհի եւ նրա հավատավոր ու հերոսական ժողովրդի:

Թող Աստված օրհնի Հայաստան եւ Արցախ մեր երկիրը եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին. ամեն»,- ասված է հայտարարությունում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее