▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուլիսի 29-ի գիշերը Երեւանում լուրջ հանցագործություններ են տեղի ունեցել. ԱՄՆ դեսպան

2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանում լուրջ հանցագործություններ են տեղի ունեցել, եւ կարեւոր է, որ դրանց համար բոլոր մեղավորները, ըստ արժանվույն պատժվեն:

Հայ-ամերիկյան առեւտրային պալատի ծրագրերի ներկայացման ժամանակ այս մասին այսօր հայտարարել է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ ընդգծելով՝ չպետք է տպավորություն ստեղծվի, որ մարդիկ կալանքի տակ պահվում են իրենց քաղաքական հայացքների համար:

Դեսպանի ելույթի այդ հատվածը՝ ստորև. 

«Թույլ տվեք այժմ անդրադառնալ անցած տարվա հուլիսի Էրեբունու դեպքերին: Դիմակայության 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացան լավ հավասարակշռություն ապահովել բնակչության և դեպքի վայրի շուրջ անվտանգության ապահովման հարցում՝ միաժամանակ ապահովելով Հայաստանի քաղաքացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը: Այնուհանդերձ, մեզ համար խորապես մտահոգիչ էին հուլիսի 29-30-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին վստահելի հաղորդումները: Այդ ժամանակ մենք մեր մտահոգությունները ներկայացրեցինք՝ նշելով, որ նման գործողությունները խախտում են մամուլի ազատության ու Հայաստանի քաղաքացիների ազատ արտահայտվելու ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքները: Թեպետ այդ օրվա գործողությունների համար որոշ ոստիկաններ պատժվել են, սակայն ավելին կարող էր արվել և պետք է արվեր: Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը լուրջ հանցագործություններ են եղել և կարևոր է, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Մտահոգիչ է նաև մեկ այլ խնդիր, որն առավել շեշտադրվեց Էրեբունու դեպքերի համատեքստում. դա նախնական կալանքի օգտագործումն է կառավարության կողմից: Նախնական կալանքն օգտագործվում է աշխարհի շատ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի իրավական համակարգում, սակայն դա պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց, երբ սպառված են բոլոր այլընտրանքային միջոցները, որոնք կարող են ապահովել, որ կասկածյալը փախուստի չդիմի և չմիջամտի քննության ընթացքին: Այն երբեք չպիտի գործածվի որպես ազատ խոսքի ու հանրահավաքների ազատության իրավունքի իրացումից քաղաքացիներին հետ պահելու պատժիչ գործիք, իսկ երբ դատարանը սահմանում է նախնական կալանք, պետք է լիովին թափանցիկ ու իրավականորեն հիմնավորված պատճառներ լինեն: Անկեղծ ասած, Էրեբունու ու քաղաքական տեսանկյունից զգայուն գործերի հետ կապված, մեզ մտագոհում է նախնական կալանքի կիրառումը ցույցերին մասնակցություն ունեցած և զինված խմբին ոչ-ուժային աջակցություն ցույց տալու մեջ կասկածվող մի շարք մեղադրյալների նկատմամբ, ովքեր առնչություն չեն ունեցել գնդի տարածքի գրավման կամ ոստիկանների մահվան հետ: Ուզում եմ հստակեցնել, որ այս գործերին ես անդրադարձ կատարելով նպատակ չունեմ որևէ դատողություն անել նրանց մեղավոր կամ անմեղ լինելու վերաբերյալ, այլ ուզում եմ սոսկ շեշտադրել, որ նախնական կալանքը պետք է ամուր ու լիովին թափանցիկ իրավական հիմնավորում ունենա: Եվ բեռը կրկին պատկան մարմինների ուսերին է, որպեսզի հիմքերն ակնառու լինեն կամ էլ հնարավորինս շուտ ապահովվի բաց դատաքննություն»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее