▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունգարիան վայելում է Սաֆարովի էքստրադիցիայի պտուղները

Ադրբեջանի Հեյդար Ալիև հիմնադրամը որոշել է միջազգային համագործակցության շրջանակներում հումանիտար ծրագիր իրականացնել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում. նախատեսված է նոր կենտրոն կառուցել, որն իր մեջ ներառելու է մանկապարտեզ ու կույրերի համար նախատեսված դպրոց:

Ադրբեջանը հատկապես վերջին տարիներին բավականին ակտիվացրել է իր գործունեությունը միջազգային նախաձեռնություններում: Մամուլում, ինչպես նաև` տարբեր երկրների պաշտոնական փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունների համաձայն, միջազգային տարբեր կազմակերպությունների, լոբբիստական կառույցների, եվրոպացի չինովնիկների, պաշտոնաթող ղեկավարների ֆինանսավորմամբ, Ադրբեջանը փորձում է իր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող խնդիրներ լուծել` այդ ճանապարհին ծախսելով միլիարդավոր դոլարներ:

Շատ «ներդրումներ» իրենց բնույթով կոռուպցիոն գործարքներ են հիշեցնում, ինչը Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել «միջազգային համագործակցության» շրջանակներում իրականացվող նախաձեռնություններով:

Սակայն այս գործարքը առավել ուշագրավ է այն առումով, որ 2 տարի առաջ` 2012 թվականի սեպտեմբերի 31-ին, Հունգարիան դեպի Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով ինչպես հայտնի է 2004 թվականին, Բուդապեշտում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում, քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, իսկ հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր ենթարկվել:

Ավելի ուշ, Հունգարիան, բառիս բուն իմաստով, Ադրբեջանին հանձնեց հանցագործին, որտեղ վերջինիս ներում շնորհեցին, հերոսի կոչում տվեցին, բարձրացրեցին զինվորական կոչումը, պաշտոնը, ինչպես նաև` փոխհատուցեցին բանտում եղած ժամանակահատվածում չստացած սպայական աշխատավարձերը:

Դեռ այդ ժամանակ տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Ադրբեջանը օգտվելով Եվրոպայում և հատկապես Հունգարիայում առկա ֆինանսատնտեսական ճգնաժամի առկայությունից, Սաֆարովին էքստրադիցիայի դիմաց ֆինանսական խոստումներ էր տվել Հունգարիային: 2012 թվականի ընթացքում, անընդհատ մամուլում հրապարակումներ էին տպագրվում այն մասին, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը պատրաստվում է ներդրում կատարել Հունգարիայի պետական արժեթղթերում. ներդրումներ նախատեսված էին նաև այլ ձևով:

Հունգարիայի ղեկավարությունը, բնականաբար, գիտակցում էր, որ այդ գործարքը մեծ հարված է հասցնելու իր հեղինակությանը` միաժամանակ ճնշումների հանգեցնելու, իսկ այս պարագայում, հունգարական կառավարությունը նման քայլի կգնար միայն «խոշոր գործարքի» դեպքում` հաշվի առնելով երկրում ներդրումներ անհրաժեշտությունը:

Այսօր արդեն Հունգարիան քաղում է այդ գործարքի պտուղները ու սա միայն այդ գործարքի երևացող մասն է:


Տիգրան Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее