▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսամ` այս գրառմանս մասին կիմանա Գագիկ Ծառուկյանը

Գագիկ Ծառուկյանը այդպես էլ չհանձնարարեց, որ Աբովյան քաղաքի նորակառույց եկեղեցին հարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Լավ, եթե թքած ունի նստասայլակով տեղաշարժվող մարդկանց վրա, չի խղճում մանկասայլակով երեխաներին եկեղեցի բերած ծնողներին և դժվար տեղաշարժվող մեր համաքաղաքացիներին, ովքեր դժվարությամբ են բարձրանում այդ աստիճանները, բա օրենքի պահանջը ինչո՞ւ չի կատարում ՀՀ երկրորդ խոշոր կուսակցության և ԱԺ-ում երկրորդ խոշոր խմբակցության ղեկավար օրենսդիր պարոն Գ. Ծառուկյանը:

Հարկ եմ համարում Գ. Ծառուկյանի, ԲՀԿ պատգամավորների և պետական մարմինների ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2010 թվականի մայիսի 17-ին վավերացրել է ՙՀաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին՚ ՄԱԿ-ի կոնվենցիան, որը ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ին: Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավուրություն ընձեռնելու նպատակով մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, որպեսզի նրանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովեն ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների..., ինչպես նաև այլ հարմարությունների և ծառայությունների մատչելիությունը…:


Այս միջոցները որոնք ներառում են խոչընդոտների և արգելքների բացահայտումը և վերացումը, կիրառվում են մասնավորապես.
ա) կառույցների, ճանապարհների, փոխադրամիջոցների, բացօթյա և փակ հաստատությունների, այդ թվում` դպրոցների, բնակելի տարածքների, բժշկական հաստատությունների և աշխատավայրերի նկատմամբ, 
բ) տեղեկատվության, հաղորդակցության և այլ ծառայությունների նկատմամբ»:
Կոնվենցիան մի շարք սկզբունքներ է նախատեսում հավասարության, խտրականության բացառման, մատչելիության հետ կապված և համապատասխան պարտավորություններ նախատեսում պետությունների համար: 
Բացի այս ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը սահմանում է, որ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:
Անդրադառնալով «ՀՀ քաղաքաշինության մասին՚ օրենքին, մասնավորապես քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության իրավասություններին, հարկ է նկատել, որ հոդված 10-ի ՙզ՚ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում ապահովում է հաշմանդամների համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից անարգել օգտվելու` օրենքից բխող պահանջների իրականացումը:
Համաձայն Կառավարության` Հաշմանդամների և հասարակության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին 2006 թվականի մարտի 31-ի N 392-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի «Նոր կառուցվող հասարակական նշանակության` գիտական, կրթական, առողջապահության, սոցիալական պաշտպանության, սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված շենքերն ու շինությունները, հյուրանոցները, մշակույթի, կրոնական, առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման, վարչական, ֆինանսաբանկային համակարգի, ինչպես նաև տրանսպորտային նշանակության շենքերն ու շինությունները` երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ավտոկայարանները, ավտոկայանները, ավտոկայանատեղերը, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթուղիների կանգառները պետք է մատչելի լինեն հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար` ապահովելով նրանց անարգել տեղաշարժը հասարակական և սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորությունը` ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պահանջների համաձայն, և հագեցված լինեն անհրաժեշտ սարքավորումներով ու հարմարանքներով»:

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ անձամբ խոսել եմ այդ եկեղեցու ճարտարապետի հետ, նա եկեղեցու հարմարեցման համար ունի պատրաստի նախագիծ և Գ. Ծառուկյանի համաձայնության դեպքում պատրաստ է կյանքի կոչել:

Հուսամ այս գրառմանս մասին կիմանա Գ. Ծառուկյանը և քայլեր կձեռնարկի հարմարեցման համար, հակառակ դեպքում ապավինում եմ պատկան մարմինների դուխին, որ օրենքով սահմանված պահանջները ապահովվի:


Արման Մուշեղյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее