a1plus.am-ը գրում է. Հայաստանի շախմատիստներ Հովհաննես Գաբուզյանը եւ Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում են պայքարել Իրանի Մեշհեդ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի մեդալների համար:
Այսօր կայացած նախավերջին տուրում մեր երկու պատվիրակները հաղթանակ տարան: Հովհաննես Գաբուզյանը սեւերով առավելության հասավ ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ռասուլովի նկատմամբ, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը նույն խաղաքարերով պարտության մատնեց իրանցի միջազգային վարպետ Մասուդ Մոսադեղպուրին:
Ութ տուրից հետո մեր շախմատիստները վաստակել են 6,5-ական միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը: Նրանք ընդամենը կես բալով են ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից՝ Պավել Մալետինից եւ Մաքսիմ Չիգարեւից:
Վաղը կայանալիք վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով կմրցի ադրբեջանցի մեկ այլ գրոսմայստեր Գադիր Գուսեյնովի հետ, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը նույն խաղաքարերով ուժերը կչափի վրացի Մերաբ Գագունաշվիլիի հետ:
Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մերոնք պետք է անպայման հաղթանակ տանեն, քանի որ լրացուցիչ գործակիցներով զիջում են իրենց անմիջական մրցակցիներին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում