«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանն ունի երկու բնակարան եւ մեկ հողամաս։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Պետրոսյանը հանդիսանում է 2014 թվականին Կոտայքի մարզի Ակունք գյուղում գնված հողամասի միակ սեփականատերը։ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող անշարժ գույքերի պարագայում նա համասեփականատեր է կնոջ՝ Արմինե Պետրոսյանի հետ։
Ռոմանոս Պետրոսյանը, պարզվում է, մեքենա չունի։ Ուսումնասիրելով նրա դրամական միջոցները, պարզ է դառնում, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը 2022 թվականի սկզբում իր բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն 60 հազար դրամ, որը տարվա վերջին դարձել է 8 մլն 605 հազար դրամ, իսկ, ահա, նրա կանխիկ գումարը 5 մլն-ից տարեվերջին դարձել է 3 մլն։ Սա՝ այն դեպքում, երբ մեկ տարում Պետրոսյանը 21 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել, որից 19 մլն դրամը նրա աշխատավարձն է, իսկ մյուս մասն էլ նա ստացել է Պետական եկամուտների կոմիտեից։ Ռոմանոս Պետրոսյանը նաեւ վարկ ունի, եւ տարեվերջին մայր գումարի մնացորդը 24 մլն դրամ է եղել, իսկ մեկ տարվա ընթացքում այդ վարկի մարման համար նա ծախսել է 2 մլն 581 հազար դրամ։
Ըստ հայտարարագրի՝ նա հանդիսանում է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ կառավարման խորհրդի նախագահը։ Նրա կինն էլ աշխատում է այս քոլեջում եւ 2 մլն դրամ աշխատավարձ է ստացել։ Ավելին՝ վերջինս 2021 թվականին 2007 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա է գնել»: