Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շաբաթներ առաջ ահազանգեցի, որ իշխանության կողմից ներքին հրահանգ կա պետական մարմիններին, առաջին հերթին դպրոցներին՝ հեռացնել, ապամոնտաժել Արցախի ազատագրության համար զոհված մեր հերոսներին նվիրված Փառքի անկյունները։
Այն ժամանակ եղան որոշ մարդիկ, որոնք կապ հաստատեցին ու վախվորած ասացին, որ իրենց դպրոցներում եղել է այդպիսի բան, բայց իրենց ու իրենց երեխաներին չթիրախավորելու համար հրաժարվում էին հստակ տվյալներ տալ։
Այդ պատճառով եղան մեղադրանքներ, թե փաստեր չկան։ Հիմա, ինչպես գրեթե միշտ, նախապես ասածս իրականանում է, բայց էլի ոչ ոք չի ուզում ընդունել, որ վտանգը պետք է նախապես կանխել, ոչ թե անտեսել ու հետո հետևանքների դեմ պայքարել։
Լրատվամիջոցները գրեցին, նկարներով ցույց տվեցին, որ Հրազդանի թիվ 14 դպրոցում հանվել էր Փառքի անկյունը, հետո հանրային աղմուկի ու պարսավանքի ճնշման տակ կարծես թե վերականգնել են։
Հիմա բացահայտվում է, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում են հեռացրել 2020-ին հերոսաբար զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հուշատախտակը։ Էլի բարձրացված հանրային աղմուկից հետո քաղաքապետարանից ասել են, իբր թե հիվանդանոցի նախկին ղեկավարն է հանել տարել։ Էլի նախկիններն են մեղավոր, այս անգամ նախկին տնօրենը։
Վստահ եմ, տասնյակ այլ դեպքեր դեռևս բացահայտված չեն»:
«Հրահանգ կա՝ դպրոցներից հեռացնել Փառքի անկյունները». Նաիրի Հոխիկյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet