Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դոպինգի պատճառով ժամանակավորապես որակազրկված մարզիկների անունները: Ցուցակում է նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:
Խուրշուդյանի դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող Ստանոզոլոլ: Նա ժամանակավորապես որակազրկվել է եւ չի կարող մասնակցել մրցաշարերի: Միջազգային օլիմպիական կոմիտեն ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այդ հարցով վերջնական որոշում կկայացնեն գործն ուսումնասիրելուց հետո:
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր այս ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: