Այսօր գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ծննդյան օրն է: Արցախյան պատերազմում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա):
«Այնպես է ստացվել, որ Վրաստանում եմ ծնվել, մեծացել, հետո տեղափոխվել եմ Հայաստան: Իմ հարստությունը հայ ժողովուրդն է: Հիանում եմ քաջ հայ զինվորներով, հպարտ եմ նրանցով»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Իսկ, թե ինչպե՞ս է նշելու ծննդյան տարեդարձը հարցին իրեն բնորոշ համեստությամբ պատասխանեց.
«Դե ընկերներով հավաքվում ենք, սովորական էլի»:
Նշենք, որ Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին, Թբիլիսիում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության ներքո փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրում են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան)։ 1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։
Անի Կարապետյան