a1plus.am-ի փոխանցմամբ` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նիստում այսօր 2 նախկին վարչապետեր Հրանտ Բագրատյանը եւ Խոսրով Հարությունյանը միմյանց վիրավորելով՝ փորձել են իրենց խոսքն առաջ տանել եւ հիմնավորել։
Բուռն վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ Հրանտ Բագրատյանն իր ելույթում անդրադարձավ Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածին՝ նշելով, որ դրա կառուցման համար ծախսվող գումարները բյուջեի անիմաստ վատնում են, եւ կոչ է արել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին՝ ստուգել գումարների հոսքերը։
Բագրատյանը նաեւ նշել է, որ այդ ճանապարհահատվածը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է՝ միջպետական չէ, եւ այդ գումարները կարելի էր այլ ճանապարհների վրա ծախսել։ Այդ ընթացքում Խոսրով Հարությունյանը ցածրաձայն ռեպլիկներ էր անում՝ այդպիսով արտահայտելով իր անհամաձայնությունը պրն Բագրատյանի մտքերի վերաբերյալ։
Սա դուր չի եկել Բագրատյանին, եւ նա բարկացած հայտարարել է, որ երբ որ ինքը խոսում է, թող ոչ ոք իրեն չընդհատի և պետք չէ ամեն անգամ իր վրա «մարդ բերել»։
Ասվածը հունից հանեց Խոսրով Հարությունյանին եւ նա, դիմելով Բագրատյանին, կոռեկտություն պահանջեց, ասաց, որ ինքը եւս հանձնաժողովի անդամ է և իրեն «չեն բերել» Բագրատյանի վրա։
Դրանից հետո 2 նախկին վարչապետերն սկսեցին բղավել միմյանց վրա ու մատ թափ տալ՝ փորձելով մեկը մյուսին զսպել։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում