Հայաստանում են ռուս հայտնի վերլուծաբան, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ու «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։ Նրանք անդրադարձան մի շարք խնդիրների՝ այդ թվում և ՀԱՊԿ-ի կողմից ռազմական գործընկեր Հայաստանին ապրիլյան պատերազմի ժամանակ օգնություն չցուցաբերելուն։
«Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Արցախի հարցը ուժի միջոցով լուծվի, ավելին, ապրիլյան պատերազմի ժամանակ ամեն ինչ արվեց, որ բախումը դադարի» ,-ասաց Սոլովյովը։
Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, սրա պատասխանն էլ ունեն․
«ՀԱՊԿ-ն կապ չունի Արցախի հետ ու այդ հարցը ոչ կոռեկտ է։ Այն չճանաչված տարածք է, այդ թվում և Հայաստանի կողմից»,-շեշտեց «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
Սոլովյովն ավելի առաջ անցավ․
«Քանի՞ հայ զինծառայող մասնակցություն ունեցավ Սիրիայում ծավալվող գործողություններին»,-հարցրեց նա։
«Ի՞նչ է, ուզում էիք Պուտինը կանգներ ու ասեր՝ Հայաստա՛ն, փրկի՛ր Սիրիային ու Ռուսաստանի՞ն»,-գործընկերոջը լրացրեց Կիսելյովը։
Բանախոսներն անդրադարձան նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքին․
«Ադրբեջանը շուկայից է թանկ գնով զենք ձեռք բերում։ Ընդ որում՝ նա կարող է գնել Իսրայելից, ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից»,-ասաց Կիսելյովը։
Անի Կարապետյան