▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ մեղադրում են ոստիկան պատանդներին պահելուն աջակցելու մեջ,«Սասնա Ծռեր»-ին՝ ոչ.Եղնուկյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը կալանավայրում դադարեցրել է 13 օր շարունակվող հացադուլը: Պատճառը առողջական խնդիրն ու թիմակիցների հորդորն է եղել: «Նա բուժվում էր նախաինֆարկտային վիճակից դուրս գալու համար, բայց հացադուլի ժամանակ դադարեցրել էր դեղերի ընդունումը, ինչը չի թույլատրվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ ընթերցելով Եղնուկյանի հայտարարությունը.

«Իշխանությունների կողմից  իմ նկատմամբ արդեն 5-րդ տարին  իրականացվող  քաղաքական հալածանքը ունի  խորը արմատներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող իմ եռահարկ շինությունը անվճար տրամադրեցի Հիմնադիր խորհրադարանին և բոլոր  այլ քաղաքացիական շարժումներին, ովքեր դրա կարիքն ունեցել  են: Ավելին,  ես սկսեցի  ակտիվ մասնակցություն  ունենալ  մի  շարք քաղաքացիական նախաձեռնություններին,  ինչը բնականաբար  դուր  չէր գալիս իշխանություններին:

Մաշտոցի պուրակի և «Ծածկած  շուկա»-ի հետ կապված քաղաքացիական նախաձեռնություններից հետո իրական հալածանքներ սկսվեցին իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ:  Մի  քանի օրվա  ընթացքում  երկու անգամ հարձակումներ  եղան  իմ  երկու  մեքենաների  վրա,  մի  դեպքում դանակով  պատառոտեցին  չորս անվադողերը,  մյուս դեպքում երկաթյա ծանր ձողով կոտրեցին մյուս մեքենայիս շարժիչի  ծածկոցը և հայելիները: Հիմնադիր խորհրդարանին անդամակցելու համար հրկիզվեց  իմ 3-րդ մեքենան, իսկ Բերձորի ահաբեկչությունների ժամանակ հիմնովին ջարդվեցին երեք մեքենաներս: 

Ավելի քան մեկ ամիս իմ լուսանկարով մեծ պաստառը՝ ատելություն, խտրականություն, թշնամանք, բռնություն հրահրող մակագրություններով փակցված մնաց Երևանի կենտրոնում «Ծածկած Շուկա»-ի ամենատեսանելի մասում: Չնայած իմ բազմաթիվ բողոքներին ոչ մի պաշտոնյա չմիջամտեց այս ակնհայտ անօրինությանը և իշխանությունների կողմից հանցավոր անգործություն դրսևորվեց: Նույն ժամանակաընթացքում ինձ և ընտանիքիս անդամներին բազմաթիվ անգամներ հետապնդել են՝ վախի մթնոլորտ սերմանելու նպատակով:

Այսպիսով արդեն երկար ժամանակ է իշխանությունները պատրվակ էին փնտրում ազատվել ինձանից՝ չկա անձը, չկա նաև պրոբլեմը թեզիսի համաձայն: Եվ, քանի որ ես որևէ սև գործերի կամ ֆինանսական մութ պատմությունների մեջ խառնված չեմ եղել, իշխանությունների համար դժվար էր ինձ մեկուսացնել կամ սահմանափակել: «Սասնա ծռեր»-ի գործողությունները առիթ հանդիսացան ինձ մեկուսացնելու և պատժելու համար: Ինձ կեղծ և շինծու մեղադրանք առաջադրեցին: Քանի որ որևէ հանցավոր արարք ես չէի կատարել, ինձ մեղադրեցին հավաքի ժամանակ տեղեկատվություն հրապարակելու, համացանցով տեղեկություններ տարածելու, հանրահավաք կազմակերպելու և ռադիոկապով ապահովել ձգտելու մեջ: Չնայած ինձ նման արարքներ մեղսագրեցին, սակայն նախաքննական մարմինը որևէ ապացույց այդպես էլ չկարողացավ ներկայացնել:

Ինձ մեղադրում են ոստիկան պատանդներին պահելուն աջակցելու մեջ, սակայն «Սասնա Ծռեր»-ից որևէ մեկին ոստիկան պատանդներին պահելու մեջ չեն մեղադրել: Ինձ մեղադրում են զավթած շենք շինությունները պահելուն օժանդակելու մեջ, սակայն երբ «Սասնա Ծռեր»-ի տղաները զենքերը վայր դրեցին և շինությունները ազատեցին, նրանց ոչ մեկին չմեղադրեցին նման մեղադրանքով: Փաստորեն հանցագործություն կատարողները չկան, սակայն ինձ մեղադրում են գոյություն չունեցող հանցագործներին օժանդակելու մեջ: Վերջերս ՀՀ Նախագահը նեղ շրջապատում իմ կարգավիճակի հետ կապված շփումների ժամանակ հայտարարել է, որ ես սպառնում եմ ազգային անվտանգությանը: Եթե կա նման ենթադրություն անելու որևէ թեկուզև աննշան հիմք, ապա թող բոլոր հիմքերը հրապարակվեն, եթե ոչ, նշանակում է, որ Նախագահը անձնական վրեժխնդրություն է դրսևորում:

Բացի այն, որ Նախագահը խախտում է անմեղության կանխավարկածը, նա ինձ պատժելով վրեժխնդիր է լինում նաև եղբորիցս, ով «հանդգնել էր» մի քանի տարի առաջ Նյու-Յորքում, Կոլումբիայի համալսարանում քննադատել Նախագահին քաղբանտարկյալների մասով: Այստեղ Նախագահը ևս խախտել էր անմեղության կանխավարկածը և դեռ դատաքննությունը չավարտված ասել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել: Այս ամենից հետո ավելի քան անհասկանալի է ԱՄՆ դեսպանի դիրքորոշումը, ով ներկայացնում է ԱՄՆ կառավարությանը: Ես դեսպանին բազմիցս խնդրել եմ, որ նա հայտարարությամբ հանդես գա՝ դատապարտելով, որ Հայաստանում չարաշահվում է նախնական կալանքը, այդ թվում նաև իմ նկատմամբ: Ես չէի ցանկանում, որ Դեսպանը իմ անմեղության մասին հայտարարություն անի, այլ բացառապես նախնական կալանքի: Ի դեպ այս մասին արդեն ԱՄՆ պետական դեպարտամենտը Հայաստանի մասին իր տարեկան զեկույցում արդեն նշել էր: Իր հերթին էլ դեսպանը ինձ ուղղված նամակում ևս նշել էր այս մասին»:

Տիգրան Հայրապետյանը հայտնեց նաև, որ հիմա քննիչի դեմ տեսակցություններն արգելելու բողոք է ներկայացվելու.

«Եղնուկյանը շատ է կապված ընտանիքի անդամների հետ և իր կարծիքով նրանց տեսնելն արգելելը անմարդկային է: Ավելին, այդ սահմանափակումն օրենքով չէ, ինչին որ հղում արել էին՝ անորոշ է: Ու այս բողոքը կհասնի նաև Եվրոպական դատարան»,-նկատեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ։ Հոկտեմբերի 6-ին դատարանը մերժեց նրան՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Եղնուկյանը միջնորդություն էր ներկայացրել՝ առաջարկելով շուրջ 1 միլիոն դոլար գրավ, ինչպես նաև երաշխավորագրեր պատգամավորներից, նախկին օմբուդսմեններից, մտավորականներից, առ այն, որ ազատության մեջ հայտնվելով չի թաքնվի նախաքննությունից, սակայն դատարանը մերժեց այն։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее