ԱԺ այսօրվա նիստի ընթացքում ԱԺ ՀՅԴ –ական պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց է բարձրացրել Պռոշյանի դեպքերին հաջորդած իրավիճակի մասին` հիշեցնելով, որ հուլիսի 14-ին այնտեղ համայնքի ղեկավարի ընտրություններ են:
Աղվան Վարդանյանի համոզմամբ`ինչ-որ ուժեր փորձում են լարել Պռոշյան գյուղի գերլարված մթնոլորտը:
«Շուտով գյուղում նոր ընտրություններ են լինելու: Իսկ մինչ այդ Կոտայքի մարզպետը գյուղապետի պաշտոնակատար է նշանակել մի կնոջ, որին պռոշյանցիները չեն ընդունում` ունենալով իրական մտահոգություն, որ այդ անձի նշանակումը ավելի է սրելու իրավիճակը: Մարզպետն ասում է` ես իմ իրավասությունների շրջանակներում ընդամենը կատարել եմ իմ պարտականությունները և որևէ մեկի հետ չպետք է համաձայնեցնեի»,- ասել է Աղվան Վարդանյանը` հավելելով`
«Ինչու՞ ենք հատուկ գրգռում մարդկանց, ի՞նչ ենք ուզում ապացուցել: Պարտադի՞ր է, որ պարտականությունների կատարումը նպաստի լարվածության մեծացմանը: Ի՞նչ եք անում, որ պռոշյանցիներն ստանան իրենց հուզող հարցերի պատասխանը»
Հարցին պատասխանել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, շեշտելով, որ մարզպետը գործել է օրենքի շրջանակներում: Նա մասնավորապես ասել է.
«Այս պարագայում օրենքը նախատեում է, որ մարզպետը կարող է նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Նա գործել է օրենիք տառին համապատասխան»:
Արմեն Գևորգյանի խոսքով` հարցը քննարկվել է մարզպետի հետ: Նա գտնում է, որ ճիշտ որոշում է կայացրել:
Աղվան Վարդանյանը հակադարձել է` հարցնելով թե արդյո՞ք պարտադիր է օրենքին համապատասխան գործելով` ավելորդ գրգռվածություն առաջացնել:
Պատգամավորի խոսքով`
«Նշանակվել է մի կին, ով մասնակցել է նախկին ընտրություններին և ստացել է ընդամենը 57 ձայն: Խոսքը մի մարդու մասին է, ով խոչընդոտում է դպրոցի տնօրենի ընտությունը: Գյուղը դեմ է այդ մարդուն: Իսկ համառել նման նշանակումով` ասելով թե օրենքի տառն եմ կիրառում, կարող է լինել գյուղին հատուկ նպատակով գրգռելու ցանկության դեպքում միայն»:
Արմեն Գևորգյանը եզրափակել է իր պատասխանը` կոչ անելով բոլորին զսպվածություն ցուցաբերել: Նա մասնավորապես ասել է.
«Դուք ենթադրություններով եք խոսում` առանց ապացույցների: Բնութագրում եք մի մարդու ում ոչ դուք եք ճանաչում, ոչ ես: Ես առաջարկում եմ ավելի շատ չբորբոքել կրքերը, գործենք բացառապես օրենքի շրջանակներում և հնարավորությն տանք, որ համայնքում տեղի ունեան ազատ ընտրություններ»: