«Ես ու «Ժառանգություն»-ը համարում ենք, որ վարչապետ փոխելով` երկրի վիճակը չի փոխվելու: Սակայն մենք դեմ չենք լինի այդ նախաձեռնության, թեև համարում ենք, որ դա կիսամիջոց է և հիմնական խոսքը պետք է գնա իմփիչմենթի մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով.
«Զոհողության բոլորս պատրաստ ենք, բայց պատրաստ չենք առանց արդյունքի «էշ նահատակ» տալու»:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է՝ նրանք ովքեր համարում են, որ անցյալ տարվա նախագահական ընտրությունները կեղծվել են, պետք է ընդունեն ամբողջական իշխանափոխության գաղափարը:
«Ներկա դրությամբ այդ ըմբռնումը չկա: Շատ հստակ է, որ կառավարության հրաժարականը համարում ենք կիսամիջոց, ամբողջ իշխանությունը` սկսած Սերժ Սարգսյանից, պետք է փոխվի»,- հայտարարեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ շրջել է մարզերում եւ մի բան իր համար պարզ է՝ մարդիկ փոփոխություն են պահանջում. «Հասնել հերթական ընտրությունների, նշանակում է երկիրը դարձնել տարածք: Ապրիլը պետք է լինի այն ամիսը, որը մեզ կմոտեցնի մեր նպատակին, եթե ապրիլին չլինի շարժ, դժվար կլինի ժողովրդի պատրաստակամությունը վերածել քաղաքական պայքարի: Առանձին նստել կուսակցական եւ քաղաքացիական սենյակներում եւ քննադատել իրար, լավ չի: Ինձ պետք չէ ռեյտինգ եւ աթոռ, ես ուզում եմ տեսնել Հայաստան, որտեղ իշխանություն է փոխվում»։