Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությանն արձագանքելով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկել էր դրանցից մի քանիսին գտնելու եւ փորձաքննության հանձնելու գործողություններ:

Ինչպես հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ), պատասխանատու քաղաքացիների ահազանգերի, ուղղորդումների եւ աջակցության շնորհիվ հայտնաբերվել ու փորձաքննության են տարվել անկած թռչունների մի քանի նմուշներ:
Դրանք ենթարկվել են ախտաբանա-անատոմիական փորձաքննության (դիահերձում), ինչի արդյունքում ներկայացված բոլոր նմուշներում արձանագրվել են խորը, թափանցող մեխանիկական վնասվածքներ, որոշների մոտ գանգի եւ պարանոցի ողերի կոտրվածքներ, կտուցից արյունահոսություն:

Քանի որ այդ վնասվածքները կարող էին առաջանալ նաեւ անկումների պատճառով, թռչնագրիպի առկայությունը բացառելու նպատակով՝ կատարվել է նաեւ թռչնագրիպի նկատմամբ ՊՇՌ մեթոդով հետազոտություն: Ստացված բացասական արդյունքներով բացառվել է թռչնի գրիպը առկայությունը: Հետազոտական աշխատանքները շարունակվում են:

Հատկապես սոցիալական ցանցերում խտացված խուճապային տրամադրություններն անհիմն են, անհանգստության որեւէ առիթ չկա:


