▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ չկան օրենքներ, որոնք զինվոր որդուն կորցրած մորը թույլ չեն տա հայտնվել քաղաքական գովազդում

«Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը PR տեխնոլոգիաներ գրեթե չեն կիրառում: Կիրառում են գովազդային ու սև PR-ի հնարքներ, այն է՝  քաղաքական ուժը պաստառը փակցնում է, պատռում կամ նույն կուսակցության անդամները ծեծկռտուք են սարքում՝ հանրային ուշադրությունը բևեռելու, կուսակցության հանդեպ հավատ առաջացնելու համար, որովհետև, եթե կուսակցության մեջ խժդժություններ են, պատրանք է ստեղծվում, որ կան ազնիվ, լավ ու վատ ուժեր ու դու գնում ձայն ես տալիս այդ կուսակցության՝ քո կարծիքով լավ թեկնածուին ու ընտրում նույն կաթսայում եփվող թունավոր սնունդը»,-ասում է «PR-ի զարգացման հայկական կենտրոն»-ի ղեկավար, PR-խորհրդատու Հայկ Կիրակոսյանը:

Ինչ վերաբերում է զոհված զինվորների ծնողներին, շոու-բիզնեսի ներկայացուցիչներին քարոզարշավի մասնակից դարձնելուն՝ նկատում է.

«Որոշ քաղաքական ուժեր՝ հատկապես ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ՀԺԿ-ն անվտանգությունը որպես առանցքային դրույթ են օգտագործում, այսինքն՝ իրենց կարգախոսներում անվտանգության, պաշտպանվածության գաղափարը կարմիր թելի պես անցնում է ու այս կոնտեքստում անպայման պետք է օգտագործեն համապատասխան սիմվոլիկա, որն է՝ ժպտացող, հաղթանդամ զինվորը, իսկ զոհված զինվորների մայրերին քարոզարշավի ժամանակ հարթակ հանելն անընդունելի է: Օրենքներ կան չէ՞ երեխաները որոշակի տիպի գովազդներում չեն մասնակցում: Իսկ, ինչո՞ւ չկան օրենքներ կամ չգրված սկզբունքներ, որոնք ընդամենը մեկ տարի առաջ զինվոր որդուն կորցրած մորը թույլ չեն տա հայտնվել քաղաքական գովազդում: Կարծում եմ, որ որոշ դեպքերում ծնողները հարկադրված են գնում այդ քայլերին:

Ինչ վերաբերում է երգիչ-երգչուհիներին, ապա դա տարածված հնարք է: Այն ավելի շատ ձայն է բերում: Նրանց մասնակցությամբ հոլովակներն ավելի շատ ուղղված են ոչ թե գիտակցությամբ, այլ  զգացմունքով ընտրող զանգվածին:

PR-խորհրդատուն շատ ճիշտ քայլ է համարում նաև ՀՀԿ-ի կողմից վարչապետին քարոզարշավին մասնակից դարձնելը.

«Իմիջային առումով նմանություն կա Կարեն Դեմիրճյանին, ում ժողովուրդը սիրում էր: Բայց մեկ խնդիր կա՝ ՀՀԿ-ի կարգախոսը պետք է լիներ ոչ թե «Անվտանգություն, առաջընթաց», այլ «Ազատվելով թալանչիներից և հին դեմքերից»: Հավատացնում եմ, որ այդ դեպքում 20 տոկոս ավելի ձայն կհավաքեին, քանի որ մարդիկ կասեին՝ կադրային ջարդ է, ինչքան արյուններս խմող կա՝ կհանեն, կազատվենք»,-նշեց  Հայկ Կիրակոսյանը:

«PR-ի զարգացման հայկական կենտրոն»-ի ղեկավարն անդրադարձավ նաև կարգախոսներին.

«Ամենազվարճալին «Ազատ Դեմոկրատներ»-ի կարգախոսն էր, որն է՝«Մենք կարող ենք»:   Որևէ կերպ չի մեկնաբանվում, թե ի՞նչ են կարող, երբվանի՞ց են կարող: Ամենալավը Կոմունիստական կուսակցության  կարգախոսն է՝ «Հայրենիք, սոցիալիզմ, աշխատանք»: Ցավալի է՝ ոչ մեկի կարգախոսում արտագաղթի մասին խոսք չկա: Անվտանգությունից բացի աշխատանք պետք է խոստանային, էլ դուխներն ի՞նչ է»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее