aravot.am-ը գրում է.«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը տպավորված չէ ԵԿՄ վերջին համագումարից: «Տպավորությունս երկակի էր, այդ համագումարն առանձնապես չի ոգեւորել: Այնտեղ երկու միջավայր կար՝ իրական ազատամարտիկներ եւ երկրապահներ, որոնք այդ ազատամարտի հետ որեւէ կապ չունեին: Ընդ որում, երկրորդ կարգի մարդկանց ներկայությունը համագումարին ավելի շատ էր»,-ասել է Իսագուլյանը:
Նա քննադատել է ԵԿՄ համագումարի ժամանակ ՀՀ նախագահի անդրադարձը կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգին. «Հարցը բարձրացվեց երկու անգամ, եւ հանրապետության նախագահը հստակ արտահայտեց այն միտքը, որ այդ հարցում ունի երկրապահների աջակցությունը».-նշել է բանախոսը:
Պարոն Իսագուլյանի համար անհասկանալի է, թե ինչու են ԵԿՄ վարչության կազմում ընդգրկվածների մեծամասնությունը իշխանության ներկայացուցիչներ եւ թե ինչ խնդիր են նրանք լուծելու. «Ինձ համար շատ տարօրինակ էր, որ Մանվել Գրիգորյանը իր պարզությամբ համագումարին ներկա շարքային երկրապահ Հովիկ Աբրահամյանին ասաց, որ մենք արդեն 121 ենք, դուք 131-ը, եւ իմացեք, որ վաղը կամ մենք ենք ձեզ հավասարվելու կամ դուք՝ մեզ, բայց մենք ավելի մեծ արժեք ու նշանակություն ենք ներկայացնում, քան՝ դուք: Այս հարցը ինձ համար մտահոգիչ էր»,-ասել է Գառնիկ Իսագուլյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում