Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ դանակներով ներխուժած եւ սպառնալիքներ տեղացած անձին, ոստիկանությունը բերման էր ենթարկել, ապա որոշ ժամանակ անց ազատ է արձակել՝ առանց քրգործ հարուցելու:
iLur.am-ը այս առիթով զրուցել է Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ.
«Այն բանից հետո, երբ ոստիկանները ազատ արձակեցին ակնհայտ սպանության ապառնալիքներով Կոնգրես ներխուժած մարդուն, որը երկու մեծ դաշույններով սպառնալիքներ է ներայացրել վարչության չորս անդամներին, ինչպես նաեւ նույն սպառնալիքները ներկայացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Լեւոն Զուրաբյանի նկատմամբ, մենք հույս ունեինք, որ հայտնաբերելուն անմիջապես կհետեւեր քրգործ հարուցելն ու կալանավորելը: Մինչդեռ, քրգործ չհարուցելը եւ քննիչի կողմից այդ մարդուն ազատ արձակելը ինձ հիմք տվեց որպես կուսակցության փոխնախագահ եւ խմբակցության քարտողար դիմել գլխավոր դատախազին՝ ելնելով հարցի կարեւորությունից եւ վտանգավորությունից, օպերատիվ միջոցներ ձեռք առնել հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորին պատժելու համար: Ես պաշտոնապես դիմել եմ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ ակնկալելով քննության օրինականության վերաբերյալ վերահսկողություն սահմանել եւ տեղյակ պահել մեզ»,- ի պատասխան հայտարարեց Մանուկյանը՝ հավելելով. «Նամակը տրամադրում եմ ձեզ»:
Նա նաեւ հավելել է, որ ինքը նույն խնդրով խոսել է նաեւ Վլադիմիր Գասպարյանի հետ եւ ներկայացրել իր մտահոգություններն ու անհամաձայնությունը քննիչի ընդունած որոշման վերաբերյալ:
Արամ Մանուկյանի դիմումը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին.
Հարգելի պարոն գլխավոր դատախազ,
2013թ.-ի նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում Հայ Ազգային Կոնգրես կուսակցության՝ Սարյան 38 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակ մուտք է գործել Սպիտակ քաղաքի բնակիչ Ա. Օհանյանը և երկարաշեղբ երկու դաշույնների գործադրմամբ գրասենյակում գտնվող ՀԱԿ վարչության անդամներ Սամվել Աբրահամյանի, Վարդգես Հայոցյանի, Արշակ Բանուչյանի և Սամվել Մկրտումյանի նկատմամբ սպանության սպառնալիքով անմիջականորեն գործողություններ է իրականացրել, իսկ կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի և փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հասցեին՝ սպանության սպառնալիքներ տվել:
Մեր կարծիքով, քաղաքացի Ա. Օհանյանի գործողությունները ամբողջությամբ համընկնում են ՀՀ Քր. օր.-ի հոդ.137-ի հատկանիշներին: Մինչդեռ, Կենտրոն, Նորք-Մարաշ ոստիկանության կողմից նրան հայտնաբերելուց հետո, հետաքննիչը նույն օրը վերջինիս ազատ է արձակել:
Մինչ օրս վերը նշված փաստով քրեական գործ հարուցված չէ, գործողություններով և բառերով սպանության իրական սպառնալիքներ տված քաղաքացին ձերբակալված չէ, որպես մեղադրյալ ներգրավված չէ, կալանավորված չէ:
Հարգելի պարոն գլխավոր դատախազ, ակնկալում ենք Ձեր օպերատիվ միջամտությունը՝ հանցագործին պատժելու հարցում:
Արդյունքների մասին խնդրում եմ տեղյակ պահել:
Հարգանքով՝ ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ՝ Արամ Մանուկյան
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ: