Մեկ տարի անցավ վերջին նախագահական “ընտրությունների” օրվանից: Ստորև բերվող տեսանյութը վկայությունն է այն բանի, թե ինչպես էին իրականում “բաշխում” ձայները Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև, բայց ինձ համար այդ թվային-տոկոսային աճպարարություններին դիմելու հնարքը չէր անակնկալ՝ անակնկալ էր այն, որ հակառակ իշխանական ու “ընդդիմադիր” քարոզչության գործադրած ջանքերին, այնուամենայնիվ, տասնյակ հազարավոր մարդիկ քվեարկեցին խղճի ու բանականության թելադրանքով՝ ընդդեմ ուղեղ լվացողների Հայաստանը դիմազրկելու, կամազրկելու, լիակատար մտավոր տհասության վիճակի հասցնելու ցանկության իրականացման:Ես շնորհակալ եմ այդ մարդկանց Հայաստանը չլքելու, սեփական արժանապատվության ու երկրի համար պատասխանատվության զգացումը պահպանելու համառ արիության համար: Չգիտեմ, թե ինչպես է այսօր իրեն զգում տեսանյութում քվեարկության ընթացիկ արդյունքները ներկայացնող մեկնաբանը, ով ստիպված եղավ անձամբ ստանձնել ձայնագողի պարտականությունը և ուղիղ եթերում, ըստ էության, զրոյացնել ինձ տրված քվեների քանակը: Հուսով եմ, որ առողջ է, գործերն էլ հաջող են ընթանում՝ նա ընդամենը մեկն է հազարավորներից, ում մասնակցությամբ տեղի ունեցավ այդ ներկայացումը: Կատարվածի կապակցությամբ հատուկ շնորհավորանքներս եմ հղում ԵՄ-ի երևանյան գրասենյակին, ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին ու, հատկապես, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսին՝ նրանց այս տեսանյութը հասու էր դեռ այն ժամանակ, երբ կարող էին արդար գնահատական տալ կատարվածին: Չտվեցին: Այդ կերպ վարվելու երկու հնարավոր քաղաքական պատճառ կարող էին ունենալ՝ կամ հույս ունեին, որ պաշտոնում վերահաստատվելուց հետո պարոն Սերժ Սարգսյանը հաստատ կստորագրի եորոասոցացման համաձայնագիրը, կամ էլ վստահ էին, որ նա այն գործիչն է, որը ոչ մի դեպքում այդ բանն անողը չէ: Եթե առաջին տարբերակն է՝ ուրեմն այդ շրջանում Հայաստանում իրենց ծառայությունն իրականացրած եվրոպաշտոնյաները մասնագիտական որակների խնդիր ունեն, իսկ երկրորդ տարբերակի ճշմարիտ լինելը կնշանակի, որ Հայաստանի ժողովրդի դեմ միջազգային դավադրություն է իրականացվել, որին արդյունավետ դիմադրելու համար մեր ներքին ռեսուրսը չի բավարարել: Դրանով հանդերձ, հակառակ այն իրողությանը, որ Հայաստանի գործող քաղաքական համակարգի հանդեպ ոչ մի վստահություն չկա ինչպես ներսում, այնպես էլ դրսում, մենք, ի տարբերություն շատ ուրիշների, կկարողանանք գալիք բարդ ժամանակաշրջանը նվազագույն կորուստներով անցկացնել:
Գրառումը և տեսանյութը` ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի ֆեյսբուքյան էջից