Երեկ մենք մեկ անգամ ևս ազգովի խայտառակվեցինք միջազգաին հանրության աչքերում: Ինչպե՞ս կարող ենք այսքան անողնաշար լինել և ամեն անգամ ոտնատակ անել պետության որդեգրած դիրքորոշումը: Խոսքը բնականաբար ՄԱԿ-ում երեկվա քվեարկության մասին է: Ինչպես գիտեք երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով կարճ ասած անօրինական է ճանաչվում Ղրիմում անցկացված հանրաքվեն: Բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը, դեմ՝ 11-ը: Դե հիմա գուշակեք, թե ով կարող էր լինել այդ տասնմեկից մեկը: Իհարկե Հայաստանը: Բա որ իմանաք Հայաստանի հետ մեկտեղ դեմ քվեարկած երկրների ցանկը: Պատրաստվեք: Դեմ են քվեարկել նաև Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն: Դե Ռուսաստանի մասին բնականաբար չեմ խոսում:
Այսքանից հետո, հավաստիացնում եմ Ձեզ, որ ինձ համար այդքան կարևոր չէ այն փաստը, որ մենք դեմ ենք քվեարկել, որքան, որ դա կրկին ասոցացվում է մեր երկրի նախագահի` անցած տարվա սեպտեմբերյան ելույթի հետ, երբ որոշում կայացվեց անդամակցել Մաքսային Միությանը: Չէ, որ ինչպես Ասոցացման պայմանագրի դեպքում, այնպես էլ այս քվեարկության` մեզ միանգամայն այլ բան էին հավաստիացնում:
Բանն այն է, որ ընդամենը մարտի 26-ին` քվեարկությունից մեկ օր առաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին: Իսկ հենց հաջորդ օրը ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը, հակառակ նախօրոք արտահայտած մեր դիրքորոշմանը, դեմ է քվեարկում տվյալ նախագծին: Հայաստանի ատգործնախարարությունը դեռ այսքանից հետո երեսը պնդած մեջբերում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի մեկնաբանությունը Գլխավոր վեհաժողովում քվեարկությունից առաջ.
«Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների և իրավունքների, ներառյալ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ և սկզբունքներ, որոնք ընդունված են այս համաժողովի կողմից»։
Նախարարության արձագանքը դեռ իր հերթին: Ինչպես դա արվեց նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հետո, Շարմազանովը այս անգամ ևս համարեց, որ սա ոչ թե անակնկալ, այլ միանգամայն տրամաբանական քայլ էր և մոտավորապես ասաց այն ինչ ասել է Կարեն Նազարյանը ՄԱԿ-ում:
Լսե´ք, հարգելինե´րս, ես հասկանում եմ, որ մենք «ժողովուրդների ինքնորոշման» իրավունքի ջատագով ենք: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Ես հասկանում եմ նաև այն, որ մենք, այժմ դե ֆակտո հայտնվելով «ընդդեմ Արևմուտքի» ճամբարում, պետք է գործենք համապատասխանաբար: Բայց միակ բանը, որ ես ընդհանրապես չեմ հասկանում դա այն է, թե ինչու ենք մենք առհասարակ ինչ-որ հարցի շուրջ որոշում կայցնում, եթե դրանից հետո, պետք անենք այն ինչ Ռուսաստանն է ուզում: Ավելի լավ չի՞ լինի նախօրոք զանգահարել Մոսկվա և հարցնել, թե ինչ են մեզանից ակնկալում, որ մենք էլ մեր հերթին կարողանանք համապատասխան «որոշում» կայացնենք: Ախր նույնիսկ զանգահարել էլ պետք չէ: Մի՞թե մենք չգիտենք, թե «ցարը» մեզանից ինչ կարող է ակնկալել: Ավելի լավ չի՞ լինի առանց իր ասելու անել այն ինչը մեզանից ենթադրաբար կպահանջեն, որպեսզի չհայտնվենք հիմար դրության մեջ և ստացվի այնպես, որ դա մեր որոշումն է, մեր շահերից բխող, այլ ոչ թե`թելադրված:
Չգիտեմ էլ ինչ ասեմ: Պարզապես ամոթ է: Մենք ի վերջո պետություն ենք, թե կայսրության վասալային շրջան: Ըստ ամենայնի վերջինը: Անկեզծորեն ցավում եմ, թե´ մեր պետություն, թե´ առհասարակ մեր ժողովրդի համար: Մենք սրան արժանի չենք…