▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքան պետք է տրամաբանությունից, բարոյականությունից հեռու լինեն, որ հասարակությանը նման բաներ սրսկեն

«ՀՀ նորանկախ պետության մեջ առաջին անգամ ստեղծվել է պահանջների միասնական պլատֆորմ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ, կարելի  ասել, որ միավորվել են բոլոր քաղաքական  ուժերը: Դրված են կոնկրետ պահանջներ: Ի վերջո, պետք է քայլեր կատարվեն՝ ժողովրդի հավատը վերականգնելու համար:

4+4+4 ֆորմատը  նրա համար է արվում, որպեսզի կարողանանք  իշխանությանը հասցնել միասնական պլատֆորմի հիմքում դրված պահանջները»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

Խոսելով քննադատությունների մասին՝ պատգամավորը նկատեց.

«Որոշ  ուժեր մեզ մեղադրում են, որ իշխանությունների հետ քննարկումների գնացինք, մոռանալով, որ ժամանակին իրենք գնում էին  սահմանադրությունը քննարկելու: Ինչքան պետք է տրամաբանությունից, բարոյականությունից հեռու լինեն, որ հասարակությանը նման բաներ սրսկեն։ 

Սա հանրության օրակարգն է, ապահովված է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ու հնարավոր չէ ժողովրդի թիկունքում ինչ-որ մութ գորածարքներ կատարել: Ներկա են 12 հոգի՝ 4 քաղաքացիական հասարակակություն, 4 ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ: Ավելին, մենք պահանջում ենք, որ այս հանդիպումը հեռարձակվի ուղիղ եթերով ու կաշխատենք չձգձգել քննարկումներն ու բավարարվել 2 շաբաթով»:

Անդրադառնալով արտախորհրդարանական ուժերին, որոնք ներկայացուցիչ ունեն խորհրդարանում, Լևոն Զուրաբյանն ասաց. «Էդմոն Մարուքյանը, ով «Լուսավոր Հայաստան»-ի նախագահն է և Խաչատուր Քոքոբելյանը, ով «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահն է,  առաջարկում եմ, որ դիտորդի կարգավիճակով մասնակցեն այդ ֆորմատին»։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Զուրաբյանն առաջարկել է բանակցել Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների, նաև հասարակական կազմակերպությունների չորսական ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հայաստանում զանգվածային ընտրակեղծարարության վերացման եւ ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտության ապահովման, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ հանրության հավատի վերականգնման նպատակով առաջարկում ենք նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը կառուցել լայն հանրային եւ քաղաքական կոնսենսուսի վրա: Որպես նման կոնսենսուսի կառուցման համար առանցքային գործիք, առաջարկում ենք բանակցությունների 4+4+4 ձևաչափը»,-նամակում գրել է Զուրաբյանը: 

ՀՀԿ-ն համաձայնել է և վաղը կսկսեն քննարկումները:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее