«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընտրակեղծիքները մերժող հեղափոխական երիտասարդները, պարզվում է, իրականում ընտրակեղծարարներ են, պարզապես դրա համար հնարավորություն չեն ունեցել:
Երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության եկան, բացահայտվեց նրանց՝ իրական կեղծարարների դեմքը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրություններում լուրջ կեղծիքներ են եղել, եւ որոշ անդամների ձայներ հայտնվել են այլոց անունների վրա:
Հիմա պարզվում է՝ իշխանականները հայտնվել են հայրենի իրավապահների ուշադրության կենտրոնում:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահ համակարգը սկսել է ուսումնասիրել բոլոր հրապարակումները, որոնք արվել են իշխող կուսակցության ներսում գրանցված կեղծիքների վերաբերյալ, եւ որոշել է գործի անցնել: Երկուշաբթի օրը իրավապահ կառույցներից մեկը որոշել է պարզել, թե ով, ինչ եւ ինչպես է կեղծել՝ ընտրությունների արդյունքների ցանկալի պատկեր ունենալու համար: Սա նշանակում է, որ առաջիկայում ՔՊ վարչության անդամ պատգամավորները, նախարարները եւ այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ վարչության անդամ չընտրված թեկնածուները հերթով կկանչվեն ուժային կառույցներ՝ բացատրություն տալու:
Իհարկե, գեղեցիկ է հնչում, որ իրավապահները մտնելու են ՔՊ՝ արդարություն վերականգնելու, բայց դա որ իրավունքով եւ որ օրենքով են իրագործելու, հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ առայժմ պարզել նաեւ, թե որ իրավապահ կառույցն է կոնկրետ որոշել քաղաքական իշխանության ներքին խոհանոցում բացահայտումներ անել:
Գլխավոր հարցը այս պահի դրությամբ հետեւյալն է. արդյոք տարվող քննությունը մինչեւ վերջ կգնա՞, ու մեղավորները կպատժվե՞ն, թե՞ էլի ձեւական գործընթաց կլինի՝ հաշվեհարդարի միտումով: «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական կլինի իշխող կուսակցության ներսում թույլ տրված ապօրինության առիթով իրականացվելիք քննությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում