«Մեր իշխանություններն ընտրված չեն, մենք նախագահ չունենք, չունենք գործադիր իշխանություն: Եթե ունենայինք` այսպիսի խայտառակ վիճակում չէինք լինի: Այնպես որ՝ ԵԽԽՎ-ում իմ հայտարարությունը եղել է օրինաչափ»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանը` նշելով, որ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ չի համարում և չի ճանաչում որպես երկրի ղեկավար:
Ինչ վերաբերում է օրեր առաջ ՀՀ ոստիկանությունը դիմելուն, համաձայն որի պատգամավորը խնդրել է ապահովել իր և իր ընտանիքի անվտանգությունը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զ.Փոստանջյանն ասաց.
«Չորս ՀՀԿ-ականներ չորս սպառնալիք են ուղարկել իմ հասցեին: Նրանց հայտարարությունները խուլիգանության հանցակազմ են պարունակում: Տեղաշարժվում եմ կամ ոտքով կամ հանրային տրանսպորտով և ինձ ուղեկցում են ոստիկանները: Օրինակ իրավապահները թող պարզեն, թե Խ. Ասրյանի մոտ նման զգացմունքային արտահայտություններ որտեղից են ի հայտ եկել»:
Հարցին, թե ինչո՞ւ է միայն իր հետ այդպիսի բաներ պատահում, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ հարցը միայն իր անձը չէ և արդեն քանի տարի է, ինչ ազատ խոսք ունեցողների հանդեպ հետապնդումներ են իրականացվում: