«Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունն սկսվում է այս հրապարակից: Կարող եմ արդեն շնորհավորել ձեզ, քանի որ այս հանրահավաքը կայացավ և ապացուցեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնում: Ցանկանում եմ ողջունել այս հանրահավաքը, որը գումարվել է շատ պարզ մի պահանջի շուրջ՝ քաղաքացու իրավունքով մերժել իշխանության առաջարկած ռեֆորմը, որը չունի ժողովրդի վստահությունը»,- «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝
«Սա ձեր հավաքն է, սակայն որպես ՀԱԿ ներկայացուցիչ՝ ցանկանում եմ անկաշկանդ և կոշտ խոսել: Եկեք ասենք ճշմարտությունը. սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ թալան: Եկեք կոչենք իրերն իրենց անուններով: Մենք կարո՞ղ ենք այսօր վստահել մեր պետությունը դուքյան դարձրած զույգին: Հայաստանում կա՞ մի միամիտ, ով կարծում է, թե կարող է սեփական գումարները վստահել նրանց, թե՞ գիտենք, որ նրանք մաֆիոզ խավի սովորական բանդիտներ են: Կա՞ն մարդիկ, ովքեր կարծում են, թե այս օրերին, երբ երկիրը քանդվում է, երբ մարդկանց հոգիներում մարում է այստեղ ապրելու գաղափարը, ամենակարևոր քայլը կուտակային ռեֆորմն է, որ այս կառավարությունը մոլագարի նման փորձում է իրականացնել: Գազի, էլէկտրաէներգիայի թալանը քիչ էր, հիմա էլ թալանի նոր ձև են գտել: Հիմա ի՞նչ: Թու՞յլ ենք տալու սա: Գալիս է այս իշխանությունների՝ ժողովրին հաշիվ տալու ժամանակը: Բոլորով ելնելու ենք թալանի դեմ և երկիրը փրկենք թալանչիական այս համակարգից»: