Իսկ ո՞ւր է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ո՞ւր է արձագանքն ու բացատրությունը՝ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականի զբաղեցրած "պատվավոր" տեղի վերաբերյալ: Համաձայն եմ, որ մեր ընտրանու այս աստիճան ձախողման մեջ իր բացասական դերակատարումն ունեցան մեր ֆուտբոլիստների վնասվածքները եւ, դրանց պատճառով, իրենց ակումբներում կորցրած տեղն ու բավարար խաղաժամանակի բացակայությունը: Հաճախակի վնասվածքները վկայում են ֆուտբոլիստի ֆունկցիոնալ անբավարար կամ ոչ պատշաճ վիճակի մասին, որը խնդրի մի կողմն է: Ես համոզված եմ, որ Հայաստանի հավաքականի զբաղեցրած ներկայիս դիրքի մեջ իր բացասական դերակատարությունն ունի նաեւ ֆուտբոլի ֆեդերացիան: Այն ժամանակ, երբ մեր ընտրանուն թարմություն էր անհրաժեշտ, նոր ուժեր էին անհրաժեշտ եւ նոր ֆուտբոլիստներ, ֆեդերացիայի ղեկավարությունն անձնական՝ տարատեսակ եւ տրամաբանությունից դուրս հավակնությունների պատճառով, հրաժարվեց այն ֆուտբոլիստների ծառայություններից, ովքեր իսկապես այդ պահին անհրաժեշտ էին մեր հավաքականին: Մինչդեռ պետք էր շրջապատված լինել ոչ թե քծնանքի մեծ վարպետներով, ովքեր ճչացող թերությունների մասին խոսելու փոխարեն փառաբանում էին յուրաքանչյուր որոշում, այլ պետք էր շրջապատվել իսկապես մտահոգ մարդկանցով, իրական վատ պատկերի մասին ճշմարիտն ասող, խնդիր բարձրաձայնող եւ դրանց լուծման ճանապարհները հուշող մարդկանցով: Պետք էր զանազան ասուլիսներին մասնակցելու իրավունքից ոչ թե զրկել կամ մեկուսացնել այն լրատվամիջոցներին, որոնք բարձրացնում էին այն հարցերը, որոնք հուզում էին ոչ միայն լրագրողներին, այլ նաեւ բոլոր երկրպագուներին, ոչ թե ամեն գնով խուսափել բարձրացված հարցերին ուշադրություն դարձնելուց եւ դրանց լիարժեք պատասխանելուց, այլ ուշադրությամբ լսել բոլոր հարցերը, քանի որ չկա որեւէ հայ, ով մտահոգ չլինի մեր ֆուտբոլով եւ, մանավանդ, մեր հավաքականով: Հույս ունեմ, որ ՖԻՖԱ-ի դասակարգման՝ արդեն հրապարակված աղյուսակի պատկերը մտահոգվելու լուրջ առիթ կտա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը եւ վերջապես լուրջ քայլեր կձեռնարկվեն խորտակվող հավաքականն ու սիրված մարզաձեւը կատարյալ ճգնաժամից հանելու ուղղությամբ: Մեկուսացրեք հենց Ձե՛զ քծնողներին, այլ ոչ թե ճշմարիտը բարձրաձայնելու համարձակություն ունեցողներին!