Հայկական լրատվամիջոցներում «Վիկիլիքս»–ի գաղտնազերծած փաստաթղթերի մերթընդմերթ հրապարակումը ոչ միայն չի անհանգստացնում Հայաստանի իշխանություններին, այլ դրանով` նրանք փորձում են հարցեր լուծել:
Պետական և մասնավոր գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպության կայքից նյութերի արտահոսքի միջոցով ոչ միայն «խաղաթուղթ» է հայտնվում այս կամ այն պաշտոնյայի կամ հասարակական-քաղաքական գործչի դեմ առ այն, որ վերջիններս անկեղծացել են ամերիկյան դիվանագիտության ներկայացուցչության առաջ, այլ նաև` այս փաստն անուղղակիորեն ազդում է, որ դիվանագետների հետ շփումներում տարբեր աստիճանի պաշտոնյաները նախ մտածեն, հետո խոսեն:
Այս մասին, ըստ Հայաստանում օտարերկրյա դեսպանատներից մեկին մոտ կանգնած Asekose.am-ի հավաստի աղբյուրի, տեղյակ են նաև դիվանագիտական ներկայացուցչություններում, սակայն օտարերկրա դիվանագետների հետ իրենց մտահոգություններով ու տեղեկություններով «կիսվելու» առումով պասսիվություն չի նկատվում:
Նաև նշվում է, որ տեղեկությունների հավաքագրմամբ զբաղվում են մի քանի դիվանագիտական ներկայացուցիչներ` այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլն:
Աղբյուրը նաև նշում է, որ դիվանագիտական ներկայացուցչություններում վստահ են, որ լրատվամիջոցներում «գաղտնի տեղեկությունների» արտահոսքի կազմակերպման հարցում ակտիվություն են դրսևորում ավելի շատ իշխանության ներկայացուցիչները, քան դեսպանատները:
Հակառակը, ըստ Asekose.am-ի աղբյուրի, իրենց տեղեկություները հայ պաշտոնյաների մասին, որոնք ստանում են դեսպանատները, խնամքով մշակվում են ու սպասում ավելի հարմար պահի դրանց արտահոսքը կազմակերպելու համար ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան լրատվամիջոցներով:
Նման մի փաստ էր, ըստ մեր զրուցակցի, Los Angeles Weekly պարբերականում հրատարակված նյութը` «Թմրամիջոցներ, ադամանդներ, միջազգային ինտրիգներ. դուք չեք հավատա հոլիվուդյան պրոդյուսերների խելացնոր անցյալին» վերնագրով , որտեղ շոշափվում էր նաև Սերժ Սարգսյանի անունը: