▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսրայել/Պաղեստինում կատարվողն ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա»

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առավոտվանից լուրեր են ստացվում, որ Իսրայել-Պաղեստին նոր պատերազմ է սկսվել։
Այս նորությունը կարդալով՝ շատերդ կցանկանաք չխորանալ և արագ անցնել։ Չէ՞ որ սա մեզ հետ կապ չունի։ Բայց մի՛ շտապեք։ Կապ ունի։
Մենք՝ Հայաստանը, ոչ միայն նույն տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի մի մասն ենք, ինչ որ Իսրայելն ու Պաղեստինը, այլև փոխկապակցված ենք հստակ աշխարհաքաղաքական կապերով։
Հայաստանում՝ Արցախ-Սյունիքյան ճակատում կատարվողն ու կատարվածը նույն մեծ խաղի մի մասն է, ինչ այս պահին Ուկրաինայում, Իսրայելում ու Պաղեստինում կատարվողը։ Այս առումով բավական է հիշեցնել, որ Իսրայելը Ադրբեջանին օգնում է և զինում է մեր դեմ, որովհետև դրանով փորձում է չեզոքացնել Իրանի սպառնալիքը Պաղեստինում, Սիրիայում և այլուր։
Հետևաբար՝ այն, ինչ կատարվի մեզ համար «հեռավոր և անհրապույր» թվացող Իսրայել/Պաղեստինում, ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա»։

Թարմացված․ «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամը 06:00-ից սկսվել է Իսրայելի հարավային ու կենտրոնական բնակավայրերի հրթիռահարումները, արթնացանք հեռվում լսվող պայթյունների ձայներից:
Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն, առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը-Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը:
Հատկապես ծանր հրթիռահարումների են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա, Սդերոտ քաղաքները: Աշկելոնում հրթիռը ընկել է շենքի վրա, կա մեկ զոհ, վիրավորների և տուժածների մասին դեռ չի հաղորդվում»։

***

Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել․ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի դեմ նոր ռազմական գործողության մասին։ Իսրայելի որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։

Քաղաքագետ Արա Պողոսյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Պաղեստինի «ՀԱՄԱՍ» շարժման մարտիկներին հաջողվել է թափանցել Իսրայելի տարածք և վերցնել գերիներ։ Ըստ տարբեր աղբյուրների, ՀԱՄԱՍ-ը ռմբակոծության է ենթարկել Իսրայելի սահմանային քաղաքները։
Իսրայելում որոշ շրջաններում արդեն իսկ պատերազմական վիճակ է։
Իսրայելը քաոսի եզրին է...»։

Թարմացված․ Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գազայի կողմից Իսրայելի վրա հարձակում է սկսվել, ըստ իսրայելական կողմի, տեռորիստների խմբերը ներխուժել են Իսրայելի սահմանամերձ շրջաններ։
Իսրայելը մեղադրում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին...
Արագ են զարգանում իրադարձությունները։
Հայաստանը պետք է զգույշ ու պատրաստ լինի...»։

Թարմացված․ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Իսրայելական զինվորականներն արագ դուրս են բերում օդուժը Գազայի սահմանամերձ հատվածներից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее