▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունը դաշտ է բացում այս փուլում 4, ավելի ուշ՝ ևս 4 գյուղերի հանձնման համար»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այն իշխանությունը, որը 2 տարի առաջ բանակցությունների նախապայման էր առաջ քաշում 2021-22 թվականների ընթացքում ՀՀ տարածքներում ադրբեջանական մխրճված հատվածների վերադարձը, այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների:

Մի կողմից հայտարարում են, թե Ադրբեջանի հետ բանակցություններում դրական դինամիկա չկա, մյուս կողմից` դաշտ բացում այս փուլում 4, իսկ ավելի ուշ ևս 4 գյուղերի հանձնման համար:

Կրկնում եմ` այս ամենը միակողմանի զիջման ճանապարհով:
Երկրի ներսում սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք, գլխիկոր վարքագիծն է, որի հետևանքը տարածքային նոր կորուստներն են»։

Թարմացված․ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ Տավուշի մարզից Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը, ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պատկանո՞ւմ են ՀՀ-ին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է․ «Ոչ, խոսքը 29,800 քառ. կմ-ի մասին չէ, վարչապետը 4 ժամ խոսել է դրա մասին։ Ասուլիսի ժամանակ ամեն ինչ շատ պարզ ասվել է»։ Խոսելով սահմանազատման գործընթացներից՝ նախարարը նշել է․ «Կան սահմանազատման հանձնաժողովներ, որոնք կվերցնեն ինչ-որ քարտեզ՝ որպես իրավական հիմք ու կառաջնորդվեն դրանով»։

Թարմացված․ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը AntiFake-ի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը․ «Եթե մենք իրավական պետությունում ապրեինք, ապա հիմա գլխավոր դատախազությունը և ԱԱԾ-ն իրեն, Ալեն Սիմոնյանին պետք է կանչեին հարցաքննության, պահանջեին Ռուսաստանի թշնամական քաղաքականության վերաբերյալ ներկայացնել կոնկրետ փաստեր: Եթե փաստեր չներկայացնեին, ապա ազգամիջյան թշնամանք հրահրելու հատկանիշով պետք է քրեական գործ հարուցվեր։ Այս մարդիկ խոսում են խոսելու համար՝ իրենց խոսքի արժեքը չիմանալով։ Բայց այդ դատարկ զրույցների հետևանքները իրենց վրա են կրում Հայաստանն ու հայ ժողովուրդը»,- ասել է Սուրենյանցը։

Թարմացված․ Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր մամուլի ասուլիսով իր ապագա մեղադրական եզրակացության հերթական հիմնավոր ապացույցն է ստեղծում։ Երեկ գրեթե ուղիղ կերպով պնդեց, որ Արցախի հարցում մշտապես եղել է այսօրվա համոզմունքին, պարզապես չի համարձակվել հասարակության հետ անկեղծ լինել, այսինքն ուշադրությո՛ւն՝ իր դիրքորոշման ձևավորումը չի կապում պատերազմի արդյունքների հետ, այլ ասում է, որ ունեցել է ի սկզբանե։ Սա պետական դավաճանության հանցակազմի պարտադիր տարրերի դրսևորում կարող է դիտարկվել, քանի որ նման համոզմունքը թաքցնելով՝ իշխանության է եկել, այդ համոզմունքով պատերազմում հանդես է եկել որպես գերագույն հրամանատար, խաբեությամբ մարտակոչով պատերազմի է հանել հազարավոր հայորդիների՝ փաստորեն հակառակ իր այդ համոզմունքի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее