▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները փորձել են Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ազդել հոր միջոցով

«168 ժամ»-ն իր այսօրվա առաջնորդողում «Մարդը և քաղաքականությունը» վերնագրի ներքո գրել է. «Երեկ Ազատության հրապարակում արդեն 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել նրա ծնողները` ԱՄՆ-ից Հայաստան ժամանած հեղինակավոր պրոֆեսոր, պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը և Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը: Այս այցելությունը որքան նեղ անձնական, ընտանեկան, նույնքան էլ` հասարակական-հանրային է, քանի որ արտերկրից ծնողներն այցելության են եկել մարդու, ով ընտրություններում ստացել է 540 հազար քաղաքացիների քվեն և ընտրել է պայքարի ամենածայրահեղ միջոցը: Այսինքն` Հովհաննիսյանների այցելությունն իրենց որդուն կարող է ունենալ ոչ միայն անձնական, այլև քաղաքական նշանակություն, այն իմաստով, որ Տեր և Տիկին Հովհաննիսյանները` որպես ծնողներ, մտահոգ լինելով իրենց որդու առողջության համար, բնականաբար, նրան հորդորելու են դադարեցնել հացադուլը, ամեն ինչ անելու են դրանում Րաֆֆի Հովհաննիսյանին համոզելու համար: Իսկ դա իր հերթին` անխուսափելիորեն ունենալու է քաղաքական հետևանք, քանի որ պայքարը բարոյականից տեղափոխվելու է քաղաքական հարթություն: Այս հեռանկարը, բնականաբար, հաշվարկել է նաև իշխանությունը, որը, որքան էլ ցույց տա, թե մտահոգված չէ Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացներով, միևնույն է, մտահոգ է հնարավոր զարգացումներից այնքանով, որ դրանք անկանխատեսելի են և կարող են դուրս գալ իրենց վերահսկողությունից: Մեր տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլի մասին որոշման հայտարարությունից հետո իշխանությունները դիվանագիտական և սփյուռքի կառույցների միջոցով կապ են հաստատել Ռիչարդ Կ. Հովհաննիսյանի հետ և խնդրել նրան ազդել որդու վրա, որպեսզի վերջինս հրաժարվի պայքարի այդ միջոցից և դադարեցնի հացադուլը: Նույն աղբյուրների փոխանցմամբ, հեղինակավոր պատմաբանն իշխանության բանագնացներին փոխանցել է, որ անկախ այդ խնդրանքից` ինքը պատրաստվում է ժամանել Հայաստան, քանի որ չափազանց մտահոգ է որդու առողջության համար: Միևնույն ժամանակ` Ռ. Կ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վստահ է` իր այցելությունը և հորդորները չեն կարող ազդել Րաֆֆի Հովհաննիսյանի որոշման վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее