«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ձևով ցանկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «լուծարել»: Նպատակ է դրված, որ խմբակցության այն պատգամավորները, ովքեր այս պահին կալանքի տակ են գտնվում, հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատներից ու դուրս գան քաղաքականությունից:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ այժմ իշխությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին «չեզոքացնելու» ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Նշենք, որ թեև նրա առողջական վիճակը ծայրահեղ վատ է, բայց նա պահվում է կալանքի տակ: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, և դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Վերջինս Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը: Չարչյանը, սակայն, կտրականապես մերժել է:
Թերթը փորձել է այդ հարցի հետ կապված զրուցել Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Բալասանյանն այցելել է Չարչյանին:
«Ես նման տեղեկություններ չունեմ, պարոն Չարչյանի հետ ամեն օր եմ հանդիպում, բայց ինքը ինձ նման տեղեկություն չի փոխանցել: Ասեմ ավելին՝ պարոն Չարչյանին իմանալով՝ նա ինչ-որ բանի դիմաց ինչ-որ գործողությունների չէր գնա, բայց ես այլ տեղեկություններ չունեմ»,-եզրափակել է փաստաբանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Ավելի ուշ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
«Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։
Տեղեկացնեմ հանրությանը, որ այսօր եմ տեսակցել պարոն Չարչյանին եւ զրուցել նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ՝ պրոֆեսորը հերքեց այդ տեղեկատվությունը, խստորեն դատապարտեց սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել եւ նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել»։