ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Վրաստանում: Նախարարը հանդիպել է իր պաշտոնակից Թամար Սանիկիձեին և անդրադարձել Վրաստանում ապրող հայերի կրթության իրավունքի ապահովման հետ կապված մի շարք խնդիրների: Դրանք են` Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերը, հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, հայկական դպրոցներում օգտագործվող դասագրքերի թարգմանությունը, Վրաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների երեխաների կրթության իրավունքի իրականացումը և շատ ուրիշ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Շատ չմանրանալով բոլոր արծարծված հարցերի պատասխանների մեջ` նշեմ որ Վրաստանի ԿԳ նախարարը ընդհանուր առմամբ դրական է վերաբերվել բոլոր առաջարկներին և համաձայնվել է համատեղ լուծումներ որոնել մեր իշխանությունների հետ, իսկ կոնկրետ անդրադառնալով հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերին` ասել է հետևյալը. «հայկական դպրոցներն ազատ են` իրենց հավելյալ դասաժամերը տրամադրել հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացների կազմակերպմանը, և Վրաստանի ԿԳ նախարարությունն այդ ազատությունը երաշխավորել է»: Կարծում եմ սա կարող է շատ լավ ազդակ լինել վրացական նոր կառավարության կողմից կապված ջավախահայության խնդիրները արդարացի և համակողմանի լուծելու պատրաստակամության տեսանկյունից:
Ինչպես հիշում եք Սաակաշվիլիի կառավարման տարիներին, այդ երկրի իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում այնտեղ բնակվող մեր հայրենակիցների, մասնավորապես ջավախահայության համար խնդիրներ ստեղծելու ուղղությամբ: Ջանասիրաբար կրճատում էին հայոց լեզվի և պատմության դասաժամերը, աշխատանքից ազատում հայ տնօրեններին, և կամաց-կամաց փակում հայկական դպրոցները, իսկ եթե դուրս գանք հենց կրթական ոլորտում ստեղծվող արհեստական խոչընդոտների շարքից, ապա շատ ավելի վատ ծրագրեր էլ էին նախաձեռնում և իրականացնում, որոնցից մեկն օրինակ մսխեթցի թուրքերի արհեստական և համակարգային բնակեցման նախաձեռնությունն էր, (ի դեպ որոշակի քանակությամբ բնակեցում ցավոք տեղի ունեցավ) որը փառք Աստծո չիրականացավ այնպես ինչպես նախապես ձրագրավորվել էր:
Տեսեք այնպես չէ, որ ներկայիս կառավարությունը արմատականորեն փոխել է երկրում տարիներ շարունակ իրականացվող ներքին քաղաքականությունը, բայց տեղաշարժեր հույսեր կան: Բիզինի Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը դեռ նախընտրական փուլում այնուամենայնիվ որոշ համարձակ խոստումներ տվել էր մեր հայրենակիցներին, իսկ արդեն ընտրվելուց հետո կարծես սայլը տեղից շարժվում է: մյուս կողմից Կարելի է կարծել, որ սա թոզ է մերոնց աչքերին, որպեսզի վրաց իշխանությունները կարողանան շարունակեն իրենց կեղծ բարեկամության քաղաքականությունը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ Եվրոպային ցույց տան, թե ինչ հանդուրժող և ժողովրդավար պետություն է Վրաստանը, բայց ես այնուամենայնիվ այդպես չեմ կարծում: Ավելի ճիշտ չեմ ուզում այդպես կարծել:
Գիտեք ինչ, ի վերջո, Վրաստանը բազմազգ պետություն է ուզեն դա վրացիները, թե ոչ: Դրա համար վրացական իշխանություններն այլ ելք չունեն քան խելամիտ և շրջահայաց լինելն է, քանի որ հակառակ դեպքում ուշ թե շուտ կկանգնեն երկրի պառակտման վտանգի առջև: Սա բնավ սպառնալիք չէ մեր վրացի հարևաններին այլ պարզ տրամաբանական դեպքերի զարգացման հեռանկար:
Օրինակ Սաակավիլիի քաղաքականությունը կապված մսխետցի թուրքերի այսպես ասած «պատմական հայրենիքում վերաբնակեցման» վերաբերյալ, մեղմ ասած անհեռատեսություն էր: Նա երևի փորձում էր առաջնորդվել կեսարյան « բաժանիր որ տիրես» ֆիլիսոփայությամբ, սակայն երևի լավ չէր հասկացել թե ինչպես է պետք այն կիրառել, որովհետև անել դա սեփական երկրի տարծքում, վերածելով երկիրը ազգամիջյանա բախումների համար թատերաբեմի, իսկական տխմարություն է:
Իմ խորին համոզմաբ ջավախահայությունն ի վերջո կդառնա կա´մ կամուրջ երկու երկրների հետագա համագործակցության խորացման համար, կա´մ էլ Վրաստանի ներսում ազգամիջյան հակամարտությունների առաջացման կենտրոն: Այլ կերպ ասած` պատուհաս Վրաստանի գլխին:
Ես անկեղծորեն հուսով եմ, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները ազնիվ են իրենց գործունեության մեջ և վերջապես ընտրել են խնդիրներ լուծելու կառուցողական ճանապարհ քան Սաակաշվիլիի այն ազգայնական մոտեցումն էր, որը բացի Վրաստանը դանդաղ կործանելուց ոչնչով չէր առանձնանում: