«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում. «ՀՀ Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը բարելավելու համար 2013 թվականի ավարտին ոչ մի դրական օրենք չընդունեց, հետևաբար` 2014 թվականին մեր կյանքը թշվառության և աղքատության ներքո շարունակվելու է, դեռ ավելին՝ այս ամենին նոր տարում ավելանալու է առաջին սպառման ապրանքների գների կտրուկ աճ և նոր լրացուցիչ հարկային բեռ` տարբեր հարկատեսակների գանձման միջոցով: ՀՀ կառավարությունը 2013 թվականի ավարտին կրկին արձանագրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող ունեցվածքի զավթում, որը նվիրատվության միջոցով փոխանցվեց Ոուսաստանի Դաշնությանը, այս անգամ՝ գույք պարտքի դիմաց գործարքի առարկան ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասն էր, Գյումրիի մի նոր հսկայական մասը ռուսական 102-րդ ռազմաբազային տրմադրելը, Երևանի «Էրեբունի» օդանավակայանը ռուսական ռազմաբազային տրամադրելը: Սա Պուտին-Սերժ Սարգսյան՝ տեղի ունեցած ապօրինի գործարքի հանրության համար հրապարակված տեղեկատվությունն է, իսկ հանրությանը դեռ անհայտ քանի ապօրինի գործարքներ և հանցավոր համաձայնություններ են ձեռք բերվել նրանց միջև. մտահոգվելու համար ունենք բավարար հիմքեր: Ռուսաստանի Դաշնությունը, շարունակելով խորհրդային, վարչահրամայական նշանակված անձանց միջոցով առավել կենտրոնացված ղեկավարումը Կրեմլի կողմից գործուղված և նրա հովանավորությունը վայելող անձի միջոցով, փաստացի գուբերնատորի պաշտոնում լիազորություններով օժտեց Սերժ Սարգսյանին, ինչը հանդուրժելը կարող է հանգեցնել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանության կորստին: 2013 թվականի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության 22-րդ ամյակի ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը և նրա սպասարկուները կասկածի և հարվածի տակ են դնում հայ ժողովրդի ինքնիշխան ապրելու, զարգանալու և վերամիավորվելու գաղափարը: Սիրելի´ հայրենակիցներ, դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձն է, 22 տարի առաջ հայ մարդը, գտնվելով Արցախյան ճակատում, Երևանի սրտում, հեռավոր ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլուր` արժանապատիվ ազգային-ազատագրական պայքար մղեց՝ հանուն իր ազատությունների և հաղթեց: Այսօր ազգային-ազատագրական պայքարը նորից օրակարգում է, ոչ ոք իրավունք չունի անմասն մնալ պայքարից: Ուրեմն` բոլորս դուրս ենք գալիս փողոցներ և հրապարակներ, մեր պահանջները կարող են լինել տարբեր, սակայն ունեն մեկ թիրախ` Սերժ Սարգսյան և նրան սպասարկող բռնազավթիչներ: 2013-ը ճանապարհում ենք և 2014-ը դիմավորում ենք համընդհանուր ընդվզումներով: Ժամանակի կոչն է` հանրահավաքներ, բողոքի երթեր, ցույցեր, գործադուլներ և Հաղթանակ»:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն