«Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժառանգության հետ իմ համագործակցությունը կարելի է համարել ավարտված:
Պետք է ասեմ, որ այս համագործակցության արդյունքում ես նոր մարդկանց ճանաչեցի և ընդհանրապես` մարդկանց սկսեցի ճանաչել, նոր ընկերներ ձեռք բերեցի և հներից ոմանց կորցրեցի: Թշնամիներ ունեցա, որը երբեք չեմ ունեցել ու ոչ էլ թշնամացել եմ:
Շատացավ փորձառությունս քաղաքական դաշտում, աճեց ճանաչվածությունս հասարակական դաշտում:
Այս համագործակցության համար առաջին հերթին շնորհակալ եմ Անահիտ Բախշյանին, ով երաշխավորել էր ինձ: Շնորհակալ եմ նաև Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժառանգության թիմին, որ ընդունեցին ինձ և վստահեցին: Կարծքւմ եմ և ԱԺ ընտրություններին, և նախագահական ընտրություններին Աբովյան քաղաքում ցույց տված արդյունքները վկայում են, որ ես արդարացրել եմ այդ վստահությունը:
Հայտնվելով ԱԺ Ժառանգություն խմբակցությունում որպես փորձագետ, շարունակել եմ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության քարոզչությունը:
Այս երկու տարիների ընթացքում հարմարեցվել է ԱԺ հին ու նոր մասնաշենքերը: Պաշտոնյաների մոտ վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ փոխվել է: ԱԺ-ում կուսակցությունների վերաբերմունքն էլ է փոխվել: Այս ամենում իմ շատ փոքրիկ, բայց լուման ես ունեմ:
Համագործակցությունը դադարեցվում է ոչ իմ ցանկությամբ, այլ հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ ես չեմ կարողանալու աշխատել խմբակցությունում:
Շատ քչերին է հայտնի, որ դեռ նախորդ տարի ինձ վիրահատել էին ուռուցքի պատճառով: Նախորդ տարվա վերջ ինձ մոտ ցավեր սկսեցին և ԿՏ անցնելուց հետո պարզ դարձավ, որ ես լրացուցիչ բուժման կարիք ունեմ և ցանկալի է, որ արտասահմանում անցնեմ այդ բուժումը:
Այս ամենի մասին ես տեղեկացրել եմ խմբակցությունում: Հաշվի առնելով այն, որ ես լինելով փորձագետ, ներքին տեղաշարժերի արդյունքում դարձել էի օգնական, բայց շարունակում էի փորձագիտական աշխատանքս, խնդրեցի, որ ինձ նորից գրանցեն որպես փորձագետ, քանի որ բուժումից վերադառնալուց հետո ես պատրաստվում եմ շարունակել իմ աշխատանքը ԱԺ-ում: Մեկնելուս օրը իմացա, որ փորձագետի թափուր հաստիք այլևս չկա խմբակցությունում, որ արդեն մարդ են ընդունել աշխատանքի:
Հասկանալով, որ այլևս իմաստ չունի շարունակել համագործակցությունը և չլինելով օգնական, ուղղակի մնալով գրանցված օգնական ես արգելակում եմ պատգամավորի աշխատանքը, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես հրաժարվում եմ օգնականի աշխատանքից:
Այս ամենը գրեցի նրա համար, որ տեղեկացնեմ, թե ինչու ենք մենք` ես ու Անին, բացակայում Հայաստանից և ինչպես ստացվեց, որ ես այլևս Ժառանգության խմբակցությունում չեմ աշխատում»: