vivaronews.am-ը գրում է. Հանրաճանաչ անգլիացի սպորտային լրագրող Ջոն Բրեդլին անդրադարձել է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և շեշտել, որ Մխիթարյանին որոշակի ժամանակ է անհրաժեշտ Պրեմիեր լիգայում իր ֆուտբոլը գտնելու համար, ինչպես եղավ «Բորուսիայում»:
«Ցանկացած ֆուտբոլիստի համար մեծ քայլ է տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա և միանգամից հասնել հաջողության:
Տարբեր դրվագներում նա ցուցադրել է իր տաղանդը և ունակությունները, բայց իրեն լիովին դրսևորելու համար նրան անհրաժեշտ է պարբերաբար խաղաժամանակ ստանալ:
Ես կասկած չունեմ, որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ մի քանի մրցաշրջան է անցկացնելու «ՄՅՈՒ»-ում: Պետք է հիշել, որ Մխիթարյանից ժամանակ պահանջվեց Գերմանիայում իր խաղը գտնելու համար: Ես չեմ զարմանա, որ Մխիթարյանը շուտով դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» 10 համարը, կարծում եմ դա լավագույն դիրքն է նրա համար:
Իհարկե, մանչեսթերյան դերբին լավագույն խաղը չէր իր կարիերայում, բայց այստեղ Անգլիայում բոլորը մեղադրում են Մոուրինյոյին, որը խաղադաշտ դուրս բերեց նրան՝ իմանալով, որ հայ ֆուտբոլիստը վնասվածք ունի:
Հենրիխը «Մանչեսթեր Յունայթեդի» կարևոր մասն է: Ես համոզված եմ, որ նա կդառնա հիմնական կազմի խաղացող: Նա չափազանց տաղանդավոր է, որ երկար նստի պահեստայինների նստարանին: Երբ Մոուրինյոն լուծի «ՄՅՈՒ»-ի խնդիրները, նա կնկատի, որ Մխիթարյանը դառնում է թիմի անբաժանելի մասը»,-ասել է լրագրողը: