▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրային ռեսուրսների կառավարումը խայտառակ մակարդակի է. Մելոյան

«Հայը չպետք է ջրի խնդիր ունենա»,- գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը.

«Հանրահայտ է, որ Հայաստանը խմելու և ոռոգման ջրով ինքնաբավ երկիր է։

Այդ դեպքում ինչո՞ւ է այդքան խիստ սահմանափակվում ջրամատակարարումը։

Երեկ օրվա առաջին կեսին ԶԼՄ-ներով լայնորեն տարածվում էր «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը՝ մայիսից մինչև սեպտեմբեր ՀՀ բնակչության ջրամատակարարման գրաֆիկի կտրուկ սահմանափակման մասին, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր բաժանորդների համար սահմանվելու էր ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկ։

Դրան անմիջապես հետևեց հայ հասարակության արդարացի ցասումը։

Պատասխանը, ըստ էության, ակնհայտ է՝ առկա է ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մակարդակ։

Ջրի կորուստը հասնում է 65 %-ի։ Համեմատության համար նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը օրինական սեփականատերերից խլելու պահին կորուստը կազմել է ընդամենը 6 %, ինչի շնորհիվ էլ կուտակվել էր 7 միլիարդ դրամը, որի հաշվին առաջարկում էինք իջեցնել մարդկանց հոսանքի գինը։

Հետևաբար ակնհայտ է, որ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում «Վեոլիա ջուր» ընկերությունը և պատկան մարմինները, ներառյալ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և ՀՀ կառավարությունը, տապալվել են։

Իշխանությունները երեկոյան հայտարարեցին, թե «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման փոփոխություն չի լինի»։

Այստեղ հնարավոր է երկու տարբերակ․ կամ «Վեոլիա ջուր» ընկերությունը, ակնհայտ հնարավորություն ունենալով չսահմանափակել ջրամատակարարումը, այնուամենայնիվ, սահմանափակում է այն,  ինչը կարելի է գնահատել որպես «դիվերսիա» Հայաստանի Հանրապետության դեմ, կամ ՀՀ կառավարությունը «հորդորել է» մասնավոր ընկերությանը հետ կանգնել սահմանափակումներից, ինչը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում միայն ավելի կխորացնի ջրամատակարարման խնդիրը, եթե ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում չիրականացվեն ակնհայտ համակարգային բարեփոխումներ։

Հետևաբար՝ խնդիրը դեռ կա և համապետական անվտանգային մակարդակի է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее