Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Գագիկ Պողոսյանը «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդի Սերժ Վարդանյանի գործով հրապարակեց անսպասելի դատավճիռ` Սերժ Վարդանյանն արդարացվեց։

Սերժ Վարդանյանին ու նրա ընկերոջը՝ Ռոբերտ Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Այս գործը դատարան մուտք էր եղել 2014 թվականի նոյեմբերին:
Սերժ Վարդանյանի պաշտպան Մանվել Գրիգորյանն ասել է, որ իրենց համար սպասելի էր այդպիսի վճիռը, քանի որ դատաքննության ընթացքում որեւէ հիմնավոր փաստարկներ չկային, որպեսզի այն որակվեր խուլիգանություն։

Հիշեցնենք, որ ներկայումս կալանքի տակ է նաեւ Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեեւեկության կանոնները խախտելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետեւանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ: Այս գործն էլ է ներկայումս քննվում դատարանում։


