▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կամուրջ» տարեգիրքը՝ հայ-վրացական բարեկամության անխախտ կամուրջ

Հունվարի 18-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վրաստանի «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության «Կամուրջ»տարեգրքի  հերթական համարի շնորհանդեսը: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ այն նախաձեռնել էր  տարեգրքի  գլխավոր խմբագիր  Անահիտ Բոստանջյանը: Շնորհանդեսին ներկա էին  Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Հայ և վրացի  գրողներ, ստեղծագործողներ, ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

 Անահիտ Բոստանջյանը երախտագիտության խոսքեր ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարարությանը և  թբիլիսահայ  գործարար Ռաֆիկ Աղաջանյանին, որոնք  հովանավորել են «Կամուրջ»  տարեգրքի 2013 թվականի համարի  տպագրությունը: Նա   ներկայացրեց «Կամուրջ» գրական-մշակութային  տարեգրքի  հիմնադրումից մինչև օրս անցած ուղին, տարեգիրքն անվանելով հայ-վրացական  բարեկամության իսկական հուշարձան, կարևորելով բարություն, սեր, եղբայրություն, սերմանելու, աշխարհասփյուռ հայությանը  գրականության միջոցով  համախմբելու , սերունդներին  իրար մերձեցնելու  առաքելությունը:

Ողջունելով  տարեգրքի  հերթական համարի  տպագրությունը Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին   Անահիտ Բոստանջյան բանաստեղծին,  գլխավոր խմբագրին, թարգմանչին և  ստեղծագործողին հայ-վրացական գրականությունների մերձեցման գործում ունեցած ավանդի համար  փոխանցեց Նիկո Նիկոլաձեի  անվան գրական մրցանակը:

Շնորհանդեսը ողջունեցին և Անահիտ Բոստանջյանին բարձր մրցանակին արժանանլու առիթով շնորհավորեցին գրող Ռևազ Միշվելաձեն, նկարիչ Ռևազ Ադամիան, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ  Գևորգ Սնխչյանը, «Ցիսկարի» ամսագրի խմբագիր Բաղաթուր Արաբուլին, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը  և ուրիշներ:

Բանաստեղծ Անահիտ  Բոստանջյանը երախտագիտությամբ ներկայացրեց  Բենիկ Սեյրանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իր հովանավորությամբ  տպագրված Բենիկ Սեյրանյանի «Հին Թիֆլիսի ձեները» գիրքը:

Թբիլիսիի թիվ 104  դպրոցի սովորողներ  Լիզա Թորոսյանը և  Լիկա Մարգարյանը ընթերցեցին  հատվածներ տարեգրքում տեղ գտած հեղինակների  գործերից, իսկ մենակատարներ Աննա Պողոսովան և Հենրիխ Պետրոսյանը,  դուդուկահար Իվանե Մկրտչյանը, դաշնակահարներ Եսայի Սբովյանը և Պավել Օգանեզովը իրենց կատարումներով  փայլ  հաղորդեցին  շնորհանդեսին:

Շնորհանդեսի վերջում  խոսքով  հանդես եկավ Վիրահայոց թեմի  առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Իր օրհնությունը բաշխելով ներկաներին և  շնորհավորանքի խոսքեր ուղղելով Անահիտ Բոստանջյանին, Վիրահայոց թեմի առաջնորդը արժևորեց գրականության և գրքի դերը  մարդու բարոյա-հոգեբանական  ներաշխարհի  ձևավորման,  սերունդների  դաստիարակության  գործում  և  կոչ արեց բարձրարժեք, հետաքրքիր և  ուսուցանող գրքերի միջոցով վերստին  սեր ներշնչել դեպի գիրն ու  գրականությունը,  երիտասարդներին դաստիարակել  ընթերցասիրության ոգով:

  Վերջում ներկա հասարակությանը բաժանվեցին  »Կամուրջ» տարեգրքի   համարները:

 

                                                                                               Վիրահայոց թեմի մամլո  դիվան

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее