«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությունը պետական բյուջեից 5 միլիոն դրամ աջակցություն է հատկացրել մի շարք հասարակական կազմակերպությունների։ Որոշումը ընդգրկված է եղել կառավարության՝ փետրվարի 16-ի օրակարգում, սակայն չզեկուցվող նախագծերի թվում: Թե որոնք են այդ հասարակական կազմակերպությունները, եւ որ ոլորտներում ինչպիսի գործունեություն են իրականացնում, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ. որոշման կետերը հույժ գաղտնի են։ Նկարագրության մեջ նշվում է, թե տվյալ հասարակական կազմակերպություններն իրականացնելու են հետազոտություններ, ռազմավարական եւ հայեցակարգային փաստաթղթերի պատրաստում եւ փորձաքննությունների կազմակերպման համար խորհրդատվական, մասնագիտական, վերլուծական ծառայություններ:
Ընդ որում՝ Ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ դիտողություն է արել եւ նշել, թե աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին ծրագրով գումարի հատկացումը նպատակահարմար չէ իրականացնել պահուստային ֆոնդից: Նաեւ նշվել է, թե նախագծով հիմնավորված չէ նաեւ գումարի հատկացման հրատապությունը: Առաջարկվել է միջոցառման գծով անհրաժեշտ ծախսերը կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի առկա ռեսուրսների հաշվին:
Դիտողությունը ընդունվել է, եւ փոփոխություն է կատարվել: Հավելենք, որ կառավարությունը 2022 թ.-ի պետական բյուջեով էլ 8 մլն դրամ էր հատկացրել հասարակական կազմակերպություններին, եւ կրկին պարզ չէր, թե ում: Մեկ անգամ էլ այդ նույն ծրագրով 46 մլն 976 հազ. դրամ էր հատկացվել։ Թե ում էր փոխանցվել այդ գումարը, կրկին հայտնի չէ, քանի որ կառավարության որոշման նախագծի 2-րդ կետը հույժ գաղտնի էր համարվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում