Երեկվա ասուլիսը Յանուկովիչի հուսահատության վերջին ճիչն էր. Ռուսաստանը ձեռքերը կլվանա, բայց ոչ հիմա…
Երեկ` Դոնի Ռոստովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, մենք վերջապես լսեցինք Ուկրաիանայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Նա մասնավորապես հայտնեց իր կարծիքը Ուկրաինայում տեղի ունեցածի մասին` անվանելով դա հեղաշրժում ֆաշիստական մարգինալ խմբերի կողմից: Վտարված նախագահը ընդհանուր առմամբ ասաց այն, որ ինքն իրեն շարունակում է համարել Ուկրաինայի լեգիտիմ նախագահ և պատրաստվում է պայքարել ընդդեմ Կիևում ընթացող հակաօրինական գործընթացների և վերականգնել օրինականությունը Ուկրաինայում: Նա կարծես առաջին հայացքից շատ հստակ ասում էր, թե ինչն է ճիշտ և ինչ պետք է անել, բայց թե ինչպես այդ ամենը պետք է իրականցնել, վերջինս այդպես էլ չասաց...
Յանուկովիչը ամբողջ ելույթը և մասնավորապես բոցաշունչ, էմոցինիոնալ հայտարարություններն այն մասին, որ իրեն խաբեցին և սպանեցին, բացի խղճահարությունից այդ մարդու անձի հանդեպ ոչինչ չառաջացրեցին:
Կարծում եմ արդեն վերջնականապես կարելի է արձանագրել, որ Վիկտոր Յանուկովիչը քաղաքական դիակ է: Այսուհետ, եթե նույնիսկ Ուկրաինայում տեղի ունենան ինչ-որ շրջադարձային իրադարձություններ, ապա այս մարդը վստահ չի լինելու այդ ամենի մեջտեղում: Վստահ եմ, որ Ռուսաստանն այլևս բնավ չի պատրաստվում օգնել այս մարդուն վերականգնել մի բան, ինչն այս փախուստի դիմաց նախագահը կորցրեց առանց մատը մատին տալու: Այժմ Ուկրաինայում ընթանում են շատ կարևոր իրադարձություններ ի դեմս «Ղրիմի ապստամբության», որտեղ Ռուսաստանից ակնկալում են ադեկվատ արձագանք և գործողություններ իրենց օգնելու համար: Արդեն իսկ մենք լսում ենք ինքնավար հանրապետության նոր իշխանություններից ֆինանսական օգնության մասին, թե´ ուղղակի, թե´ անուղղակի կոչեր ուղղված Ռուսաստանին: Նրանք հուսով են, որ ֆինանսական օժանդակությունը իրենց եղբայրական պետությունից կփրկի Ղրիմիը այն ֆինանսատնտեսական պատուհասից, որը Դեմոկլյան սրի պես կախված է ամբողջ Ուկրաինայի գլխին:
Տեսեք, այս հմատեքստում, այսօր մենք լսում ենք, որ Ռուսաստանը իր արտաքին գերատեսչության միջիցով կոչ է անում, որ Ուկրաինական ճգնաժամը կրկին վերադարձվի իրավական հարթության վրա, ասել է թե այն փուլին, երբ փետրվարի 21-ին ընդունվեց ճգնաժամը լուծելու մասին համաձայնագիր ընդդիմության և Յանուկովիչի միջև, որն ընթացավ ԵՄ երեք արտգոծնախարարների և Ռուսաստանի ներկայացուցչի միջնորդության պայմաններում:
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ սա բնավ չի նշանակում, որ այդ երկիրը աջակցում է Յանուկովիչին: Իմ խորին համոզմամբ Ռուսաստանը փորձում է այստեղ ժամանակ շահել, կրկին, հա´մ նալին, հա´մ մեխին խփելով, որպեսզի տեսնի, թե ինչ ընթացք են ստանում Ղրիմում ծայր առած հակամայդանական տրամադրությունները և ինչ տարբերականեր են հնարավոր, որպեսզի խնդիրը իր վերջնական լուծումը ստանա այնպես, որ լիովին տեղավորվի Ռուսաստանի շահերի շրջանակներում: Այնպես որ Յանուկովիչի մասին որպես Ուկրաինայի, առավելևս որպես ամբողջական Ուկրաինայի նախագահ կարելի է մոռնալա, իսկ ավելի ճիշտ կարելի է խաչ քաշել որպես լուրջ դերակատար ուկրաինական ճգնաժամում:
Հիշեցնենք, որ Ուկրանայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկվա ասուլիսի ժամանակ այնքան էր հուզվել ու նյարդայնացել, որ կոտրել է իր ձեռքի գրիչը: Բնականաբար, այս հատվածը հեռուստատեսությամբ չի ցուցադրվել: