▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարճ և արագ արձագանք Ստյոպա Սաֆարյանին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանին գոնե տեսանելի պետք է լինի Երևանի քաղաքապետարանի ցանկացած աշխատողի կամ պաշտոնյայի զբաղվածության աստիճանը։

Տողատակերից սրտնեղություն կանխագուշակելու իր բացառիկ ունակությունների, սեփական անձի հայտարարության կարևորությունը գերագնահատելու և կամ մեկ անմիջական զրույցի չբռնված մարդու մտածելակերպի ու գրավոր կարողությունների մասին երկարաշունչ մեկնաբանություններին այս անգամ չեմ անդրադառնա, քանի որ նա հնարավորություն ունի անձամբ զրուցելու ինձ հետ և, միգուցե դրանից հետո ոչ հրապարակավ, բայց այնուամենայիվ իր ներսում կամրագրի այն համոզմունքը, որ իր հրապարակային դիմումին պատասխանել եմ անձամբ ես։

Ինչևէ: Նախ, իմ խորին համոզմամբ, ավագանու անդամը չպետք է շփոթության մեջ գցի իր ընթերցողին ՝ հայտարարության պատասխանի ժամկետների առումով, քանի որ նախորդ հայտարարությունը, ինչպես և այս մեկը, պաշտոնական չեն ու պատասխանի ժամկետներն էական լինել չեն կարող։

Ես ուղղակի փորձել եմ դրան անդրադառնալ ոչ աշխատանքային ժամանակահատվածում, որը, ցավոք, անչափ սուղ է։

Այդուամենայնիվ, ընդամենը երկու կարճ նկատառում կներկայացնեմ և այսուհետ ավագանու խմբակցության անդամին կառաջարկեմ փոխել երկխոսության այս ձևաչափն ու, որպես Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի ներկայացուցչի, անցնել ավելի կառուցողական և գործնական տարբերակի, այդ թվում բանավոր, դեմ առ դեմ ձևաչափով, որն, ըստ էության, չի տարբերվելու գրավորից։ Իսկ այժմ ներկայացնեմ նկատառումներս:

Առաջին։

Երկրի գործադիր իշխանությունը 2008-2012 և 2012-2017 թվականների Ծրագրերում նախանշել է այն հիմնական մոտեցումներն ու քայլերը, որոնցով տնտեսության ազատականացումը պետք է դառնա առավել կեսական և արդյունավետ։ Եվ դրանցից կարևորվել է պետական (տարածքային) կառավարման ոչ հատուկ գործառույթներից հրաժարվելու գործընթացները՝ հաշվի առնելով նախ և առաջ միջազգային փորձը։ Այսինքն, փորձ է արվում կառավարման ոլորտում բացառել այնպիսի գործառույթներ, որոնք կարող են վնասել ազատ շուկայական մրցակցային հարաբերությունների բնականոն զարգացմանը, որն իր հերթին միտված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների հստակեցմանը և մասնավորին պատվիրակվող գործակալական, սպասարկման կամ մասնագիտական ծառայությունների տեսակարար կշիռն էականորեն ավելացնելուն, քանի որ դրանք առավել արդյունավետ կարող են իրականացվել հենց մասնավորի կողմից։

Եվ երկրորդ։ Ցանկացած ծառայության մատուցում ունի ռիսկեր և պահանջում է ներդրումներ։ Կոնկրետ ավտոկայանատեղիների դեպքում դրանք էական են և այդ մասին ավագանու անդամը քաջատեղյակ է, քանի որ իր ներկայացրած խմբակցությունում խնդրին առնչվող փաստաթղթերի պակաս չկա։ Եթե այդ ծառայությունը մատուցվեր սեփական ուժերով, ապա միևնույն է չեր փոխվելու կատարվող ծախսերի ծավալը, իսկ ներդրումների ետգնման գործընթացը պահանջելու էր ժամանակ և հետևաբար մի քանի տարի այդ տուրքատեսակի եկամուտներն ու այն ստանալու համար ներդրված ծախսերը խոսելու էին ոչ առաջինի օգտին։ Ինչ վերաբերվում է մատուցվող ծառայությունից ակնկալվող շահութաբերությանը, ապա այն ուղղակի կախում ունի տուրքի գանձման կանխատեսվող ծավալների ռիսկերից։ Ինչևէ, ընդունելով հանդերձ, որ յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում ցանկացած խնդրի վերաբերյալ իր արտահայտչաձևը, առավել ևս Երևան քաղաքի ավագանու անդամի պարագայում, այնուամենայնիվ մեկ բարեկամական խորհուրդ էլ կտամ իմ կողմից։

Հարգելի պարոն Սաֆարյան, ավագանու անդամի Ձեր իրավունքներն ու պարտականություններն օգտագործեք որպես արդյունավետ գործիք՝ խնդրի առավել գործնական քննարկման տիրույթում։

Հուսով եմ, որ մեր բոլորի նպատակը առնվազն գոնե մեկ խնդրում նույնն է. մենք բոլորս ուզում ենք բացվող ամեն օր բարև տալ երեկվանից ավելի լավ Երևանին։


Վահե Նիկոյան

Երևանի քաղաքապետի տեղակալ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее